Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի զեկույցը Հայաստանում թմրաբիզնեսով զբաղվող հանցախմբերի ակտիվացում է արձանագրում


Թմրամիջոցների տարանցման առումով Հարավային Կովկասի պետությունները հայտնվել են ռիսկի գոտում, պնդում են ՄԱԿ-ի փորձագետները:

Միավորված Ազգերի Կազմակերպության կազմում գործող Թմրամիջոցների շրջանառությունը վերահսկող միջազգային խորհուրդը չորեքշաբթի օրը հրապարակել է իր տարեկան զեկույցը` արձանագրելով. - «Հարավային Կովկասը Աֆղանստանում արտադրված թմրանյութերի համար շատ ավելի հաճախ է օգտագործվում որպես տարանցիկ ուղի: Որպես հետեւանք` թմրանյութերի օգտագործումը տարածաշրջանում աճում է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հարավային Կովկասը սահմանակից է Իրանին, Թուրքիային եւ Ռուսաստանին, ինչպես նաեւ գտնվում է Սեւ եւ Կասպից ծովերի ափերին, Խորհուրդը մտավախություն ունի, որ թմրանյութերի օգտագործման եւ տարանցման առումով իրավիճակը Ադրբեջանում, Հայաստանում եւ Վրաստանում կարող է է'լ ավելի վատթարանալ»:

Իրադարձությունների նման սցենարից խուսափելու համար ՄԱԿ-ի փորձագետները խորհուրդ են տալիս. - «Անհրաժեշտ է տեղեկատվության փոխանակում իրականացնել պետությունների միջեւ, սահմանների հսկողությունն առավել արդյունավետ դարձնել, համակարգել թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարին միտված բոլոր քայլերը` թե' ազգային եւ թե' տարածաշրջանային մակարդակներում, ինչպես նաեւ ջանքեր գործադրել թմրանյութերի պահանջարկի կրճատման համար»:

Անդրադառնալով Հայաստանում ստեղծված կացությանը` զեկույցի հեղինակները նշում են. - «2010 թվականի հոկտեմբերին Խորհրդի առաքելությունը ժամանել է Հայաստան` արձանագրելով երկրի իշխանությունների պատրաստակամությունը թմրամիջոցների շրջանառությունը վերահսկող եւ Հայաստանի կողմից ստորագրված միջազգային երեք կոնվենցիաների պահանջների կատարման գործում: Խորհրդի անդամները, սակայն, որոշ թերություններ են հայտնաբերել այս ոլորտում աշխատող տարբեր պետական մարմինների գործողությունների համակարգման եւ տեղեկատվության փոխանակման խնդրում: ՄԱԿ-ի մասնագետները կոչ են արել Հայաստանի կառավարությանը լրացնել այս բացը»:

Դրա հետ մեկտեղ, զեկույցի հեղինակները նկատում են, որ Հայաստանում ակտիվացել են թմրանյութերի անօրինական բիզնեսով զբաղվող հանցավոր խմբերը: Այս խմբերը, ըստ զեկույցի հեղինակների, զբաղված են թմրանյութերի անօրինական արտադրությամբ, ինչի վկայությունն էին 2010 թվականի ընթացքում Հայաստանում հայտնաբերված ընդհատակյա լաբորատորիաները:

Զեկույցի հեղինակները նկատում են, որ թմրանյութերով զբաղվող հանցավոր խմբերի ակտիվացման ուղղակի հետեւանքը այս տիպի հանցագործությունների կտրուկ աճն է: «2010-ի առաջին կիսամյակում Հայաստանում թմրանյութերի եւ հոգեմետ դեղերի անօրինական շրջանառության հետ կապված 811 հանցագործություն է գրանցվել, ինչը 50 տոկոսով ավելի է, քան 2009-ի նույն ժամանակահատվածում», - արձանագրում են ՄԱԿ-ի մասնագետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG