Մատչելիության հղումներ

Լեւոն Զուրաբյան. «Իշխանությունները շանս ունեն լուրջ քաղաքական գործընթացի մեջ ընդգրկվելու»


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի գնահատմամբ, իրենց ծավալած քաղաքական գործընթացը շատ արագ ցույց կտա իր արդյունքները:

Ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած բազմամարդ հանրահավաքում Սերժ Սարգսյանին 13 պահանջ ներկայացրեց, այդ թվում` աշխատանքից հեռացնել վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ մի շարք այլ պաշտոնյաների:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ է անելու Կոնգրեսը, եթե իշխանություններն իրենց պահանջները չկատարեն, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, մասնավորապես, ասաց. - «Մի բան կարող եմ ասել, որ այդ օրը մենք կունենանք ե՛ւ ասելիք, ե՛ւ անելիք»:

Հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ պահանջների չկատարման դեպքում Կոնգրեսը կարող է սկսել ամենօրյա հանրահավաքների շարք` ընդդիմադիր գործիչը արձագանքեց. - «Եկեք ժամանակից առաջ չընկնենք: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ իշխանությունները շանս ունեն լուրջ քաղաքական գործընթացի մեջ ընդգրկվելու, պահանջները կատարելու եւ երկրում այնպիսի մթնոլորտ ստեղծելու, որը արագ կբերի ժողովրդի ցանկությունների իրականացմանը»:

Երեկվա հանրահավաքում Տեր-Պետրոսյանը նաեւ ասել էր, որ ներկայացված պահանջները կատարելուց հետո Կոնգրեսը երկխոսություն կսկսի իշխանությունների հետ` օրակարգում ունենալով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ հարցը:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն արդեն արձագանքել է այս պահանջներին եւ ասել, որ պետք չէ իրենց հետ վերջնագրերի լեզվով խոսել:

Այդուհանդերձ, Լեւոն Զուրաբյանը խորհուրդ տվեց շատ լուրջ չվերաբերվել «առաջին ռեակցիային»:

«Ես կարծում Սերժ Սարգսյանն էլ հասկանում է ինչքան ծանր է սոցիալական վիճակը երկրում, եւ հենց իր շահերից է բխում ինչ-որ քայլեր կատարել իրավիճակը մեղմելու նպատակով», - ասաց ընդդիմադիր գործիչը` հավելելով. - «Եթե հիշում եք, Մուբարաքն էլ էր խոսում շատ հոխորտալից լեզվով, նույնպես ասում էր, որ իրեն պետք չէ ուլտիմատումներ ներկայացնել, բայց, ի վերջո, ստիպված էր զիջել: Այնպես որ, ես կարծում եմ, որ քաղաքական գործընթացը, որը մենք ծավալում ենք երկրում, շատ արագ ցույց կտա իր արդյունքները»:

Լեւոն Զուրաբյանը նշեց, որ մարտի 17-ին ՀԱԿ-ի կազմակերպելիք հանրահավաքում կվերլուծեն, թե ներկայացրած պահանջներից ո՞ր մասն է կատարվել, եւ ըստ այդմ կգործեն: Ինչ վերաբերում է բուն պահանջներին, Կոնգրեսի համակարգողը համոզմունք հայտնեց, որ իրենք ոչ մի անիրական պահանջ Սերժ Սարգսյանին չեն ներկայացրել:

«Կարծում եմ նրանք դեռ ժամանակ ունեն մտածելու եւ քայլեր կատարելու համար», -եզրափակեց Լեւոն Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG