Մատչելիության հղումներ

«Օսկար» մրցանակաբաշխություն. «Արքայի խոսքը»` լավագույն ֆիլմ


Լավագույն դերակատար ճանաչված բրիտանացի Քոլին Ֆիրթը` «Օսկար»-ի ոսկե արձանիկով, Հոլիվուդ, 27-ը փետրվարի, 2011թ.
Լավագույն դերակատար ճանաչված բրիտանացի Քոլին Ֆիրթը` «Օսկար»-ի ոսկե արձանիկով, Հոլիվուդ, 27-ը փետրվարի, 2011թ.
Անցած գիշեր Հոլիվուդում տեղի է ունեցել Շարժանկարի արվեստի եւ գիտությունների ակադեմիայի 83-րդ մրցանակաբաշխությունը։

Բրիտանա-ավստրալա-ամերիկյան արտադրության «Արքայի խոսքը» ֆիլմը շահել է չորս «Օսկար», այդ թվում` «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Ֆիլմը նկարահանած Թոմ Հուփերը ճանաչվել է լավագույն ռեժիսոր, գլխավոր դերում հանդես եկած Քոլին Ֆիրթը` լավագույն դերակատար, իսկ Դեյվիդ Սեյդլերը «Օսկար» է ստացել լավագույն օրիգինալ սցենարի համար։

Այդ սցենարով մի երիտասարդ համակրելի կին այցելում է լեզվական արատների հարցով մասնագետի գրասենյակ եւ նրա հետ զրույցում ասում է, որ ամուսինը խոսելու դժվարություն ունի` կակազում է։ Կինն օգնություն է խնդրում, ընդգծելով, որ ամուսինն այդ արատը հաղթահարելու բազում փորձերի է դիմել, սակայն` ապարդյուն։ Նա ասում է, որ իր ամուսինը դիրքի բերումով պարզապես չի կարող խուսափել հասարակությունից, պարտավոր է խոսել մարդկանց հետ։ Մասնագետը հարց է տալիս. - «Այդ դեպքում գուցե նա պարզապես փոխի՞ աշխատանքը»։ «Լավ եք ասում` «փոխել», իսկ եթե նա արքա՞ է», - արձագանքում է կինը։

Պատմությունը Մեծ Բրիտանիայի Ջորջ 6-րդ արքայի մասին է, ով շատ է նեղվում մանկության տարիներից առկա կակազությունից։ Կինը` Էլիզաբեթը, ով լույս աշխարհ է բերել Մեծ Բրիտանիայի ներկայիս թագուհի Էլիզաբեթ երկրորդին եւ ապագայում կհռչակվի Մայր թագուհի, ամեն կերպ սատարում է հուսահատված ամուսնուն։

Դա Բրիտանիայի համար ծանր ժամանակաշրջան է։ Ջորջ 5-րդ արքան 1936 թվականին մահացել է, արքա է հռչակվել, բայց այդպես էլ չի թագադրվել Էդվարդ 8-րդը։ Գահը ստանձնելուց շաբաթներ անց Բրիտանիայում սահմանադրական ճգնաժամ է սկսվել, քանի որ Էդվարդը հայտնել է, որ ցանկանում է ամուսնանալ ոչ ազնվական ամերիկուհի Ուոլիս Սիմփսոնի հետ։

Բրիտանական հարստությունը, օրենսդիր ու գործադիր իշխանությունը, ամբողջ ազնվական վերնախավը դեմ են եղել։ Էդվարդ 8-րդն ի նշան բողոքի հրաժարվել է գահից, հաջորդ թեկնածուն է դարձել Էդվարդի կրտսեր եղբայրը` Ջորջը, ով երբեւէ չի մտածել գահակալության մասին եւ միշտ եղել է Էդվարդի ստվերում։

Այդպես Մեծ Բրիտանիայում գահը ստանձնել է Ջորջ 8-րդը, ով սարսափել է ելույթներից եւ հանրային կյանքից։ Մինչդեռ Եվրոպան եւ ամբողջ աշխարհը թեւակոխել են վտանգավոր ժամանակներ, վառոդի հոտ է գալիս` Գերմանիայի լիդերը Ադոլֆ Հիտլերն է, եւ շատերը գիտակցում են, որ մեծ պատերազմն անխուսափելի է։

Լայոնել Լոգը համաձայնել է օգնել Էդվարդին եւ ազատել նրան կակազելու անեծքից։ Դժվար, նյարդային աշխատանքը, որի ընթացքում Էդվարդն ու Լայոնելը մեկմեկու վրա զայրացել են, բղավել, մի քանի անգամ որոշել են աշխատանքն ընդհատել, ի վերջո հաջողությամբ է պսակվել։

Անցած գիշեր չորս «Օսկար» է վաստակել «Սկիզբը», երեք «Օսկար»` «Սոցիալական ցանցը», երկուական «Օսկար» վաստակել են «Ռազմիկը», «Խաղալիքների պատմություն - 3» եւ «Ալիսը հրաշքների աշխարհում» ֆիլմերը, մեկ «Օսկար» էլ «Սեւ կարապն» է շահել` այս ֆիլմում մարմնավորած դերի համար լավագույն դերասանուհի է ճանաչվել Նատալի Փորթմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG