Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը չբարձրացրեց գազի գինը, որովհետեւ Հայաստանի բնակչությունը չի կարող ավելի թանկ վճարել»


Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ Հայաստան ներկրվող ռուսական գազի գինը չէր կարող եւս մեկ անգամ բարձրանալ, քանի որ առանց այդ էլ Հայաստանը գազի դիմաց վճարում է աշխարհում ամենաթանկ գներից մեկը:

«Գազի գնի անցյալ տարվա բարձրացումից հետո բնակչության համար [դարձավ] 132 հազար դրամ, ինչը անցյալ տարի դոլարի կուրսով 370 դոլար է, գումարած 500 դրամ սպասարկման վարձը ենք տալիս բոլորս, դա տարեկան անում է միջին հաշվով 16 դոլար: 386 դոլար` արդեն աշխարհում ամենթանկ գներից մեկն է եղել երբեւիցե», - լրագրողների հետ երկուշաբթի օրը կայացած հանդիպմանը հայտարարեց Բագրատյանը:

Փետրվարի 25-ին Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ կայացած հանդիպումից հետո Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարեց, որ 2011 թվականի ընթացքում Հայաստանի սպառողների համար գազի գինը չի աճի:

«Ավելին` սոցիալապես անապահով խավի համար գազի գինը կնվազի: Հայաստանի նախագահ հանձնարարել է մշակել համապատասխան մեխանիզմներ», - ասել էր Արզումանյանը:

Բագրատյանի խոսքով` Ռուսաստանը հերթական անգամ չբարձրացրեց գազի գինը, քանի որ այնտեղ հասկացան, որ Հայաստանի բնակչությունը պարզապես չի կարող ավելի թանկ վճարել:

«Երբ որ «Գազպրոմ»-ը հարցրեց «Հայռուսգազարդ»-ին` եղբա'յր, մենք գազի գինը 27 տոկոսով բարձրացրել ենք 2 տարում, սպառումը պակասել է 44 տոկոսով, ի՞նչն է պատճառը, հանկարծ «Գազպրոմ»-ը հայտնաբերեց, որ գազի իրական գինը 400 դոլար է», - նշեց Բագրատյանը եւ հավելեց. - «Եվ Մեդվեդեւը չբարձրացրեց ոչ թե նրա համար, որ սիրում է Սերժ Սարգսյանին, այլ հասկացավ, որ հիմարություն է տեղի ունեցել, այսինքն եթե 27 տոկոս գին են բարձրացրել, 44 տոկոս սպառումն է պակասել, 17 տոկոս վնասվել են: Դա կոչվում է սովորական սխալ, որի համար պատժում են», - կարծիք հայտնեց Բագրատյանը:

Միայն անցած տարի ապրիլի 1-ից «Հայռուսգազարդ» ընկերությունը բնակչության համար գազի սակագինը բարձրացրեց 37.5 տոկոսով, իսկ ընկերությունների համար` 13 տոկոսով, ինչը փաստորեն հանգեցրեց գազի սպառման կրճատմանը: Ընկերության պաշտոնական տվյալների համաձայն` անցած տարի գազի իրացման ծավալները նվազել են 18 տոկոսով եւ կազմել շուրջ 1.4 միլիարդ խորանարդ մետր: Որպես արդյունք` 2010 թվականին «Հայռուսգազարդ»-ը 10.4 տոկոսով ավելի քիչ հարկ վճարեց պետբյուջե, քան 2009 թվականին:

Բագրատյանը բնակչության համար գազի սակագինը իջեցնելու տարբերակ առաջարկեց. - «Հիշում եք` գազը որ հաստատեցին, խոշոր սպառողի համար 96 հազար դրամ էր, մանրի համար` 132 հազար: Եվրոպայում շատ հանգիստ լուծել են այս հարցը: Տների մեծ մասը միավորված են կոնդոմինիումներում, քաղաքը առնում է, տալիս է: «Գազպրոմ»-ին ոչ ոք թույլ չի տալիս ժողովրդին գազ վաճառել: Առաջարկում եմ` Երեւանի քաղաքապետը թող 96 հազարով առնի, ավելացինի 3000 դրամ` իր ծախսը, տա մեզ: Հասարակ բան եմ առաջարկում», - ասաց Հրանտ Բագրատյանը:

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG