Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը պատժամիջոցներ սահմանեց Լիբիայի վարչակազմի նկատմամբ


Լիբիա - Ընդդիմությունը շարունակում է ցույցերը վարչակազմի դեմ
Լիբիա - Ընդդիմությունը շարունակում է ցույցերը վարչակազմի դեմ

Շաբաթ ուշ երեկոյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում կառույցի անդամ երկրները բանաձեւ ընդունեցին Լիբիայի վերաբերյալ, որն արգելում է Քադաֆիի, նրա մերձավորների մուտքը այլ երկրներ, սառեցնում է բանկային հաշիվները, ինչպես նաեւ էմբարգո է սահմանում այդ երկրի հետ զենք-զինամթերքի առեւտրի վրա։

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Միացյալ Նահանգների կողմից մշակված փաստաթուղթը նաեւ հանձնարարում է Հաագայի Միջազգային Քրեական դատարանին քննել Լիբիայի վարչակազմի կողմից ցուցարարների նկատմամբ իրականացված գործողությունները եւ պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր հանցանք են գործել մարդկության դեմ։

Փաստաթղթին կողմ են արտահայտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները, անգամ՝ վետոյի իրավունք ունեցող, եւ, որպես կանոն, խիստ պատժամիջոցներից խուսափող Չինաստանն ու Ռուսաստանը։

«Թեեւ այս փաստաթուղթը ինքնին չի կարող կանգնեցնել արյունահեղությունը Լիբիայում, այդուամենայնիվ, այն խիստ կարեւոր որոշում է, որն արտահայտում է միջազգային համայնքի համախմբված դիրքորոշումը», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի–մունը եւ ընդգծել` «այն ուղերձ է առ այն, որ հիմնարար իրավունքների ոտնահարումները չեն հանդուրժվելու, եւ բոլոր նրանք, ովքեր ծանր հանցագործություններ են կատարել, պատասխանատվության են ենթարկվելու»։

Բանաձեւի ընդունումը խիստ կարեւոր է գնահատել նաեւ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սյուզան Ռայսը՝ ընդգծելով, որ «Անվտանգության խորհուրդը պատմության մեջ առաջին անգամ միաձայն դիմեց Հաագայի Միջազգային դատարանին՝ մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող փաստերի առնչությամբ»։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկությանը նախորդել էր Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը, որն առաջին անգամ հրապարակայնորեն կոչ էր արել Քադաֆիին անհապաղ հրաժարական տալ։ «Եթե առաջնորդը իշխանությունը կարողանում է պահել միայն սեփական ժողովրդի նկատմամբ զանգվածային բռնություններ գործադրելու օգնությամբ, ապա դա նշանակում է, որ նա կորցրել է իր լեգիտիմությունը եւ պետք է հրաժարական տա», - ըստ Սպիտակ տան խոսնակի, ասել էր Օբաման՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զրույցում։

Քադաֆիին քննադատող հայտարարություններ են տարածել նաեւ Եվրամիությունն ու Ռուսաստանը. «Ինչպես եւ միջազգային ողջ համայնքը, Ռուսաստանը եւս վճռականորեն դատապարտում է Լիբիայի իշխանություններին՝ խաղաղ բնակչության դեմ զենք կիրառելու համար եւ պահանջում է հարգել մարդու իրավունքները, միջազգային նորմերն ու ապահովել բնակչության անվտանգությունը»,–հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Չնայած միջազգային հանրության քննադատությանը՝ տեղում ցուցարարների եւ Քադաֆիին աջակցող անվտանգության ուժերի միջեւ բախումները շարունակվում են։ Հաղորդումների համաձայն, խոշորագույն քաղաքների մեծ մասն անցել է ընդդիմության վերահսկողության տակ, այդուամենայնիվ, իշխող վարչակազմը շարունակում է իր ազդեցության տակ պահել մայրաքաղաք Տրիպոլին եւ մերձակա շրջանները, որտեղ 2-6 միլիոն մարդ է ապրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG