Մատչելիության հղումներ

Փետրվարի 25-ի մամուլ


Վերլուծելով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Սթայնբերգի եւ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնի Հայաստան կատարած այցը, «Ժամանակ»-ը գրում է. - «ԱՄՆ դիվանագիտական այս բարձրաստիճան պատվիրակության հայաստանյան այցը զարմանալիորեն բավական լուռ անցավ: Ընդամենը եղան Հայաստանի իշխանության հետ հանդիպման մասին պաշտոնական եւ ինչպես միշտ` բավական սուղ հաղորդագրություններ: Մինչդեռ հազիվ թե ամերիկյան այդ կարգի բարձրաստիճան պատվիրակությունը տարածաշրջան, այդ թվում Հայաստան այցելեր առանց լուրջ օրակարգի: Սթեյնբերգի եւ Գորդոնի ասելիքը հրապարակավ ասելու բան չէր: Իսկ գուցե այն, ինչ կապված նրանց այցի հետ պետք է ասվի հասարակությանը, նրանք համարել են իշխանության անելիք գործը: Բայց Հայաստանի իշխանությունն էլ նախեւառաջ ոչ թե սեփական հասարակության հետ է կիսվում, այլ սովորության համաձայն` արեւմտյան որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ զրույցից հետո անմիջապես վազում է Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մոտ: Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ հանդիպելու է Դմիտրի Մեդվեդեւին: Այնտեղ, իհարկե, նա կասի, թե ինչ է առաջարկել կամ ասել Սթեյնբերգը: Կասի նաեւ, թե ինչ է ինքը պատասխանել Սթեյնբերգին: Հավանական է, որ դրանից էլ կախված կլինի, թե, օրինակ, ինչ կասի Մեդվեդեւը ապրիլից Հայաստանի համար սահմանվելիք գազի նոր գնի վերաբերյալ: Այսինքն` Հայաստանի հասարակությունը բոլոր դեպքերում, ինչպես միշտ, ականատես եւ ունկնդիր է լինելու ոչ թե տնտեսա-քաղաքական գործընթացին, այլ ընդամենը քաղելու է դրա արդյունքը»:

Սարգսյան-Մեդվեդեեւ-Ալիեւ առաջիկա այցի առիթով «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Եվ այսպես, մոտ մեկ շաբաթ հետո Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները կհանդիպեն Սոչիում եւ կքննարկեն ղարաբաղյան խնդիրը: Ամենայն հավանականությամբ, որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի. Մեդվեդեւը «խստորեն կդատապարտի» կողմերի ռազմատենչ հայտարարությունները, կողմերն էլ կվերահաստատեն բանակցությունները շարունակելու իրենց պատրաստակամությունը: Բայց դա` ընդամենը «հասարակության լայն խավերի» համար է: Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում: Տեղի է ունենում այն, որ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը օրեցօր մեծանում է: Ընդ որում` ղարաբաղյան հակամարտությունն աշխարհում միակն է, որտեղ 17 տարի շարունակ զինադադարը պահպանվում է առանց խաղաղապահ ուժերի: Ինչո՞ւ է պահպանվում: Որովհետեւ ուժերի միջեւ որոշակի հավասարակշռություն կա: Հենց որ Ադրբեջանը վստահ լինի, որ կարող է հաղթել, նույն պահին կհարձակվի, եւ իրենք չեն էլ թաքցնում, որ ամեն ինչ անում են այդ պահը մոտեցնելու համար: Զարմանալի զուգադիպությամբ, Սոչիի եռակողմ հանդիպումից օրեր առաջ միանգամից հայտնի դարձավ երեք փաստ.
1. Ռուսաստանը լիցենզիա է տրամադրել Ադրբեջանին` «Կալաշնիկով» ավտոմատ արտադրելու համար:
2. Առաջիկայում Ռուսներն ու ադրբեջանցիները համատեղ ուժերով կսկսեն արտադրել «Տիգր» տեսակի զրահամեքենաներ (Ադրբեջանի տարածքում):
3. Առաջիկայում ռուսներն Ադրբեջանին կվաճառեն 24 հատ ռազմական ուղղաթիռ:
Մի խոսքով, ռազմավարական դաշնակից ունենք` աշխարհը չունի»:

«Երկիր» թերթի խմբագրականի ուշադրության կենտրոնում կոալիցիայի առաջադրած օմբուդսմենի թեկնածությունն է. - «Իշխանությունը օմբուդսմանի պաշտոնը համարում է իշխանական հիերարխիայի սանդղակում բարձր դիրք ապահովող պետական պաշտոն, որը տրվում է իրեն որոշակի ծառայություններ մատուցած անձանց: Իսկ հասարակության մի ստվար զանգված այդ դիրքում պատկերացնում է մեկին, որը քարկոծում է իշխանության ցանկացած քայլ: Այս անգամ էլ, կարծես, իշխանությունը գնաց իր պատկերացրած ճանապարհով: Օմբուդսմենի պաշտոնում առաջադրվեց երիտասարդ մի իրավաբան, շատերի կարծիքով ոչ վատ մասնագետ, որին իր գործունեությամբ աչքի է ընկել մի քանի ՀԿ-ներում եւ մեկ է մամուլի համար խիստ վտանգավոր դարձած իր օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ: Իհարկե, չենք էլ կասկածում, որ ԱԺ-ն իր հերթական նիստում կողմ է լինելու այս թեկնածությանը, մենք էլ հաջողություն ենք ցանկանալու նրան իր աշխատանքներում: Բայց թեկնածուի ընտրության ձեւը եւ, մանավանդ, տեղը ամենեւին նման լավատեսության համար հիմքեր չեն տալիս»:

«Հրապարակ»-ի խմբագրականն անդրադառնում է Զարուհի Փոստանջյանի եղբորն առնչվող վերջին իրադարձություններին եւ գնահատում. -«Զարուհի Փոստանջյանի եղբոր դեմ հարուցված քրեական գործով պատժիչ մեքենան մի քանի խնդիր է լուծում, որոնք պակաս կարեւոր չեն: Նախ, հասարակությանը ցույց են տալիս, որ ձեր իրավունքների համար պայքարող, բոլոր քաղաքացիական շարժումներին ու ակցիաներին ակտիվ մասնակցող Զարուհին, որը հասցրել է այս ընթացքում շատերի սերն ու հարգանքը նվաճել, մեղմ ասած, հրեշտակ չէ: Մյուս Մյուս խնդիրը, որ այս քրգործով լուծում են, այն է, որ «Ժառանգություն» կուսակցությունն ու Զարուհի Փոստանջյանն այսուհետ իրենց ժամանակի մի ահռելի մասը պետք է հատկացնեն Տիգրան Փոստանջյանի իրավունքները պաշտպանելուն՝ նրան բանտից, դատ ու դատաստանից ազատելուն»:

please wait

No media source currently available

0:00 0:04:41 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG