Մատչելիության հղումներ

Կոալիցիան որոշեց օմբուդսմենի իր թեկնածուին


Հանրապետական կուսակցության առաջարկությամբ իշխող կոալիցիան որոշում է կայացրել փետրվարի 11-ից թափուր մնացած Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Կարեն Անդրեասյանի թեկնածությունը:

«Ազատություն» ռադիոկայանին այս մասին տեղեկացրեց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ առաջիկա քառօրյային Ազգային ժողովը կանդրադառնա Անդրեասյանի թեկնածությանը:

Անդրեասյանը 33 տարեկան է, ունի իրավաբանական կրթություն, աշխատել է տարբեր պետական ու հասարակական մարմիններում:

Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքում նշված է, որ այս պաշտոնում կարող է նշանակվել 25 տարին լրացած Հայաստանի այն քաղաքացին, ով ունի բարձրագույն կրթություն, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության բնագավառում անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ, հասարակության մեջ վայելում է բարձր հեղինակություն:

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Հանրապետական խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանի գնահատմամբ, օրենքում նշված «բարձր հեղինակություն» ձեւակերպումը «սուբյեկտիվ» դաշտից է: Կոնկրետ իրենց առաջարկած թեկնածուի` Կարեն Անդրեասյանի մասով Սահակյանը, մասնավորապես, հետեւյալ կարծիքն արտահայտեց. - «Մարդը իր իրավական, իրավաբանական առումով, հատկապես իր ղեկավարած «Դիֆենս» իրավաբանական ծառայության միջոցով, վայելում է մեծ հեղինակություն իրավապաշտպան ոլորտում: Կրթությամբ իրավաբան է, դոցենտ է»:

Նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը հրաժարական է տվել փետրվարի 1-ին` Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Հարցազրույց Կարեն Անդրեասյանի հետ


Կարեն Անդրեասյան
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, հարցին` քննարկումներ եղե՞լ են արդյոք, եւ ի՞նչ է քննարկվել իր եւ իշխող կոալիցիայի ներկայացուցիչների միջեւ, Անդրեասյանը պատասխանեց. - «Եղել է հանդիպում խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ, եւ ընդամենը ինձ հայտնվել է, որ կոալիցիան նախատեսում է պաշտոնապես ինձ առաջադրել, որից անմիջապես հետո ես հանդիպել եմ Դաշնակցություն խմբակցության անդամների հետ: Հանրապետական կուսակցության հետ հանդիպման ժամանակ, այսինքն` [Հանրապետական խմբակցության] ղեկավարի եւ մի քանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, ուղղակի առաջադրվել է, քննարկվել է իմ կենսագրությունը` ես տվել եմ այն, եւ նաեւ խոսվել է հնարավորինս պաշտպանելու մասին մարդու իրավունքների գլոբալ ժողովրդավարական արժեքները»:

Նա հերքեց իր` «իշխանությունների մարդը» լինելու մասին խոսակցությունները, ասելով. - «Ես իշխանությունների մարդը լինելու համար պետք է երբեւէ ունեցած լինեի պաշտոն, պետք է երբեւէ ստացած լինեի իշխանություններից որեւէ մի տեսակի առավելություն, արտոնություն, շահույթ կամ որեւէ բան: Ես ամբողջ կյանքս աշխատել եմ, ինչ որ արել եմ, համենայն դեպս, եղել է հասարակական սեկտորում` ես աշխատել եմ տեղական հասարակական կազմակերպություններում, միջազգային հասարակական կազմակերպություններում, վերջին տարիներին ես եղել եմ մասնավոր բիզնեսում եւ դարձյալ արել եմ մարդու իրավունքների պաշտպանություն, ուղղակի` վճարովի հիմունքներով: Երբեք չեմ եղել որեւէ կուսակցության անդամ կամ հարող: Հետեւաբար, նման շահարկումը, կարծում եմ, ընդամենը նպատակ ունի ինչ-որ ձեւով դրոշմել որոշակի պիտակներ, որից հետո արդեն օգտագործել դա քաղաքական նպատակներով»:

Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը գնահատելու խնդրանքին Կարեն Անդրեասյանը արձագանքեց. - «Հայաստանում հստակ խնդիրները բոլորս գիտենք, բոլորս տեսնում ենք: Ուղղակի չունենալով վիճակագրություն, չունենալով ապարատ, չունենալով մարդիկ, որոնց հետ կկարողանայի ի մի բերել կամ վերլուծել ու հասկանալ` որոնք են ամենակարեւոր խնդիրները, ես ստիպված եմ այս պահին հղում անել Մարդու իրավունքների նախկին պաշտպանի 2010 թվականի զեկույցը, որտեղ հստակ առաջատար երեք ուղղություններն էին` դա արդարադատության ոլորտն էր, դա քաղաքապետարանի հետ կապված խնդիրներն էր, դա ոստիկանության հետ կապված խնդիրներն էին»:

Հարցին, թե նրա կարծիքով Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, ինչպես ընդդիմությունն է պնդում, Անդրեասյանը պատասխանեց. - «Եթե ես փորձեմ մամուլում շրջանառվող լուրերից դատողություն անել, դա շահարկման տեղ կտա եւ ես ինքս չեմ հարգի իմ կարծիքը, որովհետեւ չեմ ունենա մասնագիտական կարծիք, եւ չեմ ունենա նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին հարիր կարծիք»:

Իսկ թե որ ոլորտներն ու ուղղություններն են լինելու իր համար առաջնային` որպես մարդու իրավունքների պաշտպան, Անդրեասյանը այդ կապակցությամբ ասաց. - «Գոնե առաջիկա ամիսներին, մինչեւ ես ինքս կկարողանամ դուրս բերել իմ պատկերացրած վիճակագրությունը, եթե ես ընտրվեի, ես կնախընտրեի աշխատել այն ժառանգությամբ, որը ինձ թողնվել է Մարդու իրավունքների նախկին պաշտպանի կողմից: Ես կարծում եմ, նշված երեք ուղղությունները հենց կլինեին այն ուղղությունները, որոնցով ես հետաքրքրված կլինեի աշխատել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG