Մատչելիության հղումներ

Փետրվարի 23-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը «Սոցիալական բունտը մ.թ.ա. 5-րդ դարում» վերնագրով առաջնորդողում գրում է. - «Սոցիալական բունտին հասցնելը բոլոր դեպքերում սխալ է` նույնիսկ եթե հաշվի չառնենք ռազմատենչ հարեւանի գործոնը: Այդ բունտից չի շահում ոչ ոք` ոչ իրենք` ապստամբները, ոչ տրիբունները, էլ չենք խոսում պատրիկների` (իշխանության) մասին: Ավելի լավ է, պետական կառույցները` թեկուզեւ կոռումպացված ու նողկալի (որպիսիք են, իմ խորին համոզմամբ, այդ կառույցները բոլոր երկրներում եւ բոլոր ժամանակներում), ինչ-որ ձեւով գործեն, քան ընդհանրապես չգործեն: Ամենավատ` ամենաայլանդակ եւ բռնապետական կարգը ավելի գերադասելի է, քան անկարգությունն ու քաոսը»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Եթե նկատել եք` վերջին մի քանի օրերին ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ իշխանությունների հայտարարությունների շեշտադրումները կտրուկ փոխվել են: Ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ տեղից վեր կացողը հայտարարում էր, թե Հայաստանում սոցիալական բունտի նախադրյալներ չկան, «հայերը բունտ անել չեն սիրում», հետեւաբար` չարժե այդ հարցով մտահոգվել եւ այլն: Այսօր արդեն բոլորովին այլ մտքեր են հնչում` «բա ամոթ չի՞, մենք հո արա՞բ չենք», կամ «առանց այն էլ Հայաստանի վիճակը լավ չի, թշնամին առիթի է սպասում», եւ այդպես շարունակ: Այսինքն` իշխանությունների ինքնավստահությունն իսպառ չքացել է, եւ հիմա նրանք մեր «բունտ չսիրող» ժողովրդին համոզում են զուսպ մնալ: Բայց քանի որ միայն համոզելով ոչինչ չի ստացվի, նաեւ բացահայտորեն սպառնում են»:

«Հրապարակ»-ի մեկնաբանը գրում է. - «Շատ շուտով մեզ նորանոր թանկացումներ են սպասվում. Շաքարավազի թանկացման մասին ԿԲ-ն արդեն ծանուցել է, հիմա հացահատիկի ներկրմամբ զբաղվողներն են այդ մասին ասում, նրանց են ավելանում հավկիթ արտադրողները, եւ եթե գազն էլ թանկանա` իր հետ շղթայական ռեակցիայով մնացած բոլոր ապրանքների եւ ծառայությունների գները բարձրացնելով, անհայտ է, թե կառավարությունն ու նախընտրական մեծ-մեծ խոստումներ տված Սերժ Սարգսյանն ինչպես են դուրս պրծնելու սոցիալական բունտի ճիրաններից, ինչը մեր քաղաքական գործիչները հանիրավի են ժամանակավրեպ կամ անտեղի համարում մեր իրականության դեպքում»:

Նույն թեմայով` «Ժամանակ» թերթը հարցազրույց է տպագրել Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Հաշվի առնելով մարզում առկա սոցիալական խնդիրները` մտավախություն չունե՞ք, որ Եգիպտոսում, Թունիսում սկիզբ առած հեղափոխությունները «սպառնում են» նաեւ մեր երկրին»: Պատասխան. - «Կարծում եմ, որ Վայոց ձորում նման խնդիր չկա: Ինչու չկա, որովհետեւ հեղափոխության համար պետք է լինեն որոշակի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Որպեսզի ժողովուրդը փորձի ըմբոստանալ: Վայոց ձորի օրինակով կարող եմ ասել, որ չնայած ժողովուրդը սոցիալական բավականին խնդիրներ ունի, բայց նաեւ հույս ունի, որ մենք մարզպետարանը, քաղաքապետարանը, պետք է մի ընդհանուր ծրագիր մշակենք տնտեսական զարգացման համար եւ պետք է կարողանանք ինչ-որ չափով սայլը տեղից շարժել: Մենք մարզում ունենք հոգեբանական խնդիր, այսինքն` քաղաքացին կարծես թե պատրաստ չի ինքնուրույն իր խնդիրները լուծել: Ամեն օր մենք ընդունում ենք քաղաքացիների, որոնք իսկապես չգիտեն ինչ անել: Եվ մեր մարզային իշխանության դերը հիմնականում կայանում է նրանում, որ համակարգենք, ուղղորդենք»:

«Երկիր» օրաթերթի խմբագրականն անդրադառնում է շարունակվող գնաճին. - «Գները հետեւողականորեն բարձրանում են անխտիր բոլոր` թե ներկրվող, թե՛ արդյունաբերական, թե՛ գյուղատնտեսական արտադրանքի եւ թե՛ ծառայությունների մատուցման ոլորտներում: Իշխանությունը գտել է գնաճին հանրությանը ընտելացնելու ձեւը. mատնացույց է անում համաշխարհային տնտեսության անկումը եւ գնաճը, իսկ գյուղատնտեսական արտադրանքի հետ կապված` եղանակային անբարենպաստ պայմանները: Հանրությունը սկսել է հաշտվել օր օրի աղքատանալու իրողության հետ: Մինչդեռ Հայաստանն ուներ գյուղմթերքի արտադրության լուրջ պոտենցիալ, որն ամբողջությամբ իրացվելու դեպքում կարող էր էականորեն զսպել գների աճը: Եղանակային պայմանները կապ չունեն, երբ գյուղացին գյուղտեխնիկայի, սերմացուի եւ պարարտանյութի անբավարարության պատճառով դադարում է մշակել հողը: Երբ փորձում էին իշխանությանը համոզել ներքին արտադրողին խրախուսելու, գյուղացուն աջակցելու, մանր ու միջին բիզնեսին հասանելի վարկային միջոցներ տրամադրելու, որոշ ոլորտներում պետության ներկայությունը պահպանելու անհրաժեշտության մասին, համաշխարհային տնտեսության անկումը դեռ չէր սկսվել: Բայց լսողն ո՞վ էր: վիճակը չի փոխվել նաեւ հիմա»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG