Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարը խոստանում է շարունակել մարտական կարողությունների ընդլայնումը


Սպառազինությունների մրցավազք
please wait

No media source currently available

0:00 0:01:50 0:00
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2010 թվականը աննախադեպ է գնահատում հայաստանյան զինված ուժերի համար սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման առումով:

Երեքշաբթի օրը ելույթ ունենալով Երեւանի պետական համալսարանում դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպմանը` Հայաստանի պաշտպանության նախարարը ընդգծեց. - «Այսօր Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացից հետո լուրջ բարեփոխումներ են ընթանում անվտանգության ողջ համակարգում»:

Ըստ Սեյրան Օհանյանի, Ադրբեջանը փորձում է Հայաստանին պարտադրել սպառազինությունների մրցավազք, եւ հայկական կողմն «ամեն ինչ անում է» այդ հարցը լուծելու համար:

Անցած տարվա դեկտեմբերի 20-ին պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատեց, որ Հայաստանի զինված ուժերն ունեն «S-300» գերճշգրիտ զենիթահրթիռային համակարգեր:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե սպառազինությունների ձեռքբերման առումով այս տարի ի՞նչ է նախատեսվում անել, նախարար Օհանյանն ասաց. - «2011-ին մեր մարտական կարողությունների ընդլայնումը լինելու է շարունակական, ոչ քիչ, քան 2010 թվականին: Թվերի մասին` եկեք չմանրամասնենք»:

Սեյրան Օհանյանի բառերով` «այսօր հակառակորդն իր արժանի հակահարվածը ստանում է, եւ մենք փորձում ենք պարտադրողի դերում լինել առաջին գծում»:

Պաշտպանության նախարարն անդրադարձավ նաեւ բանակում տեղ գտած մահվան դեպքերի նախաքննությանը: Մասնավորապես, 2010թ. հուլիսի 27-ին Տավուշի մարզի զորամասերից մեկում մահացած Արտակ Նազարյանի հարազատների փաստաբան Սեդա Սաֆարյանը օրերս «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր, թե անցած ողջ ժամանակահատվածում այդպես էլ չի հաջողվել լիարժեքորեն ծանոթանալ գործի նյութերին:

«Չկա որեւիցե մի դեպք, որի շրջանակներում մենք չանցկացնենք հրամանատարական ծառայողական քննություն, քրեական գործ չհարուցվի եւ համապատասխան ընթացքը չվերահսկվի: Այս վերջին ժամանակներս, նաեւ հանրապետության նախագահի ցուցումով դա իրականացնում է զինվորական նոր նշանակված դատախազը», - նշեց նախարարը` հավելելով. - «Վերահսկելու ենք, եւ չի լինի որեւիցե մի դեպք, որ հանցագործները իրենց արժանի տույժը չստանան»:

Թ՛ե Արտակ Նազարյանի, թե այս տարվա փետրվարի 12-ին Ստեփանակերտի զորամասերից մեկում մահացած Թորգոմ Սարուխանյանի, եւ թե´ անցած տարի հոկտեմբերի 3-ին Հադրութի զորամասում մահացած Սամվել Խաչատրյանի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերում առաջ է քաշվում «ինքնասպանության հասցնելու» վարկածը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե զինված ուժերում մահացածների առնչությամբ հարուցված քրեական գործերում ինչո՞ւ է գերիշխում հենց այդ վարկածը, նախարարն այսպես պատասխանեց. - «Վրիպումներ եղել են: Եթե դուք նկատել եք, հիմա մենք չենք ասում ինքնասպանություն, որովհետեւ վարկածները տարբեր են լինում, հետագայում բացահայտումների շրջանակներում իրականում քրեական գործի ողջ ընթացքն է ցույց տալիս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG