Մատչելիության հղումներ

Վանաձորցի 32 ընտանիք նոր բնակարան ստացավ


Վանաձորի տեղական բյուջեի հաշվին վերջապես ավարտին հասցվեց դեռեւս 1988-ի երկրաշարժի տարիներին հիմքերը գցելուց հետո կիսատ թողնված երկու բնակելի շենքերի կառուցումը: Վանաձորցի 32 ընտանիք երեքշաբթի օրը նոր բնակարան ստացավ:

Աղետի գոտու տարիներին ուկրաինացի շինարարների կողմից սկսած շինարարությունն ավարտին հասցնելու համար քաղաքային բյուջեից հատկացվել է շուրջ 120 միլիոն դրամ:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ասում է, թե թեեւ բյուջեի սղությանը, հետագայում եւս միջոցներ կհայթայթեն : Քաղաքապետն ասում է, թե ընտանիքներին կես տարի ժամանակ են տվել տեղափոխվել ու ավարտին հասցնել ներքին հարդարման աշխատանքները:

Քաղաքապետարանի հատկացումները բավարարել են միայն արտաքին հարդարման աշխատանքներն ավարտելուն: 4 հարկանի երկու շենքերում բնակարաններ ապահովված են էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ: Տեղադրված են նաեւ դռներն ու պատուհանները: Սակայն քաղաքային բյուջեի միջոցները չեն բավարարել ներքին հարդարման աշխատանքներին՝ սանհանգույցում չկա զուգարանակոնք, լոգարան:

Քաղաքապետարանի համատիրությունների բաժնի պետ Գրիշա Պառավյանն ասում է, թե քաղաքացիներն իրենց միջոցներով են ավարտին հասցնելու բնակարանների հարդարման աշխատանքները: Սակայն եթե առաջիկա կես տարում շենքում բնակարան ստացած քաղաքացիները չհասցնեն ավարտել շինարարությունը, համաձայն նրանց հետ կնքված պայմանագրի՝ բնակարանները նրանցից հետ կվերցնեն: Պառավյանը կարծում է, որ նման իրավիճակի առջեւ չեն կանգնի:

Տնակներում ավելի քան 20 տարի ապրած ընտանիքները հույս ունեն, որ կկարողանան միջոցներ հայթայթել նորակառույց բնակարանները տեսքի բերելու համար:

1988-թի երկրաշարժից տուն չկորցրած, բայց տարբեր պատճառներով երկրաշարժից հետո տնակներում հայտնված ընտանիքներին մի քանի տարի առաջ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ասում էր, թե նրանց բնակարանով ապահովելու պարտավորություն ո՛չ ինքը, ո՛չ էլ կառավարությունը չունեն: Քաղաքապետի պատճառաբանությունն այն էր, որ տներով են ապահովվում աղետից տուն կորցրած ընտանիքները:

Բայց երբ այն ժամանակ դեռ վարչապետ Սերժ Սարգսյանը Վանաձոր այցելեց, տնակաբնակներին հորդորեց տնակներից դուրս չգալ այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքապետարանը նրանց նոր բնակարանի բանալի չնվիրի: Սրանից հետո քաղաքային իշխանությունները սկսեցին միջոցներ հայթայթել աղետից տուն չկորցրածներին եւս բնակարաններով ապահովելու համար:

Անցած տարի էլ՝ 2010 թվականին, քաղաքային իշխանությունները եւս 32 ընտանիքի համար էին տներ կառուցել ինչպես քաղաքի բյուջեի, այնպես էլ միջազգային կազմակերպությունների միջոցներով:

Վանաձորի տնակային ավաններում դեռ 300 ընտանիք կա: Նրանք եւս աղետից տուն չեն կորցրել, բայց առաջիկա տարիներին, ինչպես խոստանում են իշխանությունները, նույնպես կապահովվեն բնակարաններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG