Մատչելիության հղումներ

Մարտի 1-ին ընդդիմությունը ստիպված է հանրահավաքն անցկացնել Մատենադարանի մոտ


Երեւանի քաղաքապետարանը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին արգելել է մարտի 1-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում:

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Հայոց համազգային շարժում կուսակցության ներկայացուցիչը իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան, որը մերժվել է պատճառաբանությամբ, որ ընդդիմադիրների ներկայացրած իրազեկման մեջ նշված եւ դրան հաջորդող օրերին Օպերայի մերձակա Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց իրազեկումները քաղաքապետարանի կողմից ի գիտություն են ընդունվել դեռ հունվարի 27-ին:

Փոխարենը` քաղաքապետարանն ընդդիմությանը առաջարկել է հանրահավաք անցկացնել Մատենադարանին հարող տարածքում եւ ի գիտություն է ընդունել հանրահավաքից հետո նախատեսվող երթի մասին իրազեկումը:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ մարտի 1-ին իրենք հանրահավաք կանցկացնեն Մատենադարանին հարող հրապարակում:

Ինչ վերաբերում է Ազատության հրապարակին` Զուրաբյանը զգուշացրեց. - «Մենք դրա հետ չենք կարող հաշտվել, եւ երբ որոշենք, որ արդեն պահը հասունացել է, մենք, բնականաբար, կմտնենք Ազատության հրապարակ»:

Հարցին, թե դա կարո՞ղ է տեղի ունենալ մարտի 1-ին` ընդդիմադիր գործիչը արձագանքեց. - «Դա կարող է լինել ցանկացած պահի»:

Քաղաքապետարանը շուրջ 3 տարի տարբեր պատրվակներով մերժում է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու` Հայ ազգային կոնգրեսի իրազեկումները:

Մարտիմեկյան իրադարձություններից հետո հրապարակը 2 տարի փակ էր ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցման պատճառով:

Կայանատեղիի կառուցման ավարտից հետո էլ քաղաքապետարանը սկսեց մերժել ընդդիմության շարունակաբար ներկայացրած իրազեկումները` որովհետեւ հրապարակում տարբեր միջոցառումներ էին տեղի ունենում. հուշանվերների բացօթյա տոնավաճառ էր անցկացվում, ամանորյա հանդիսությունների փորձեր, հանդիսություններ: Այժմ էլ` մինչեւ մարտի 15-ը, քաղաքապետարանը հրապարակում սպորտային եւ մշակութային միջոցառումներ է ծրագրել:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի այցի պահին Ազատության հրապարակում նախատեսվում էր «Գարուն-Ձմեռ-Երեւան» խորագրի ներքո անցկացվող միջոցառումների շարքի հերթական համերգը` Նոր Նորքի մշակույթի տան սաների ելույթը:

Համերգը, սակայն, տեղի չունեցավ` մշակույթի տան սաները ավտոբուսում ապարդյուն սպասեցին քաղաքապետարանի ներկայացուցչին: Դրսում անձրեւ էր` եղանակը պարի համար անբարենպաստ: Ավտոբուսը լքեց Ազատության հրապարակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG