Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի զորամասում զոհված զինծառայողի գործով 3 հոգու մեղադրանք է առաջադրվել


Փետրվարի 12-ին Ստեփանակերտի զորամասերից մեկում Գյումրեցի զինծառայող 22-ամյա Թորգոմ Սարուխանյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում 3 հոգու մեղադրանք է առաջադրվել եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին պաշտպանության նախարարության Քննչական վարչությունից:

Ենթասպա Վիլհելմ Ենգիբարյանին ու կրտսեր սերժանտ Հրանտ Կարապետյանն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` «իշխանությունը չարաշահելու, պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու» համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում առավելագույն պատիժը երկուսից հինգ տարվա ազատազրկումն է:

Շարքային Ռոբերտ Բադալյանին մեղադրանք է առաջադրվել Ենգիբարյանին ու Կարապետյանին այդ արարքներին դրդելու, ինչպես նաեւ Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նախատեսված առավելագույն պատժաչափը երկու տարվա ազատազրկումն է:

Թորգոմ Սարուխանյանը մահացել էր հրազենից: Նրա մայրը` Լենա Սարուխանյանը պնդում է, որ որդուն քնած ժամանակ սպանել են: Որդեկորույս մայրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ որդու մահվան օրը, կամ դրանից մեկ օր առաջ, Թորգոմ Սարուխանյանը փորձել է զանգել եւ ինչ-որ բան ասել իրեն:

«Ինքը չէր կարողանում խոսել: Հարցրեցի` մոտդ մա՞րդ կա, ասաց` հա: Ձայներ էին լսվում: Թե դրանից էր, թե իրեն ստիպել էին զանգել` չգիտեմ: Երեւի ուզեցել է ինչ-որ բան խնդրել, որ ես հասնեմ օգնեմ, երեւի զգացել է վտանգ` չգիտեմ», - ասաց Սարուխանյանը:

Հարազատները նշեցին, որ Թորգոմի մարմնի վրա, հատկապես դեմքին բռնության հետքեր են առկա եղել:

Դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռեւս չեն հրապարակվել:

Զորամասից հարազատներին տեղեկացրել են, որ Թորգոմ Սարուխանյանը երկտող է գրել, որ ինքնասպանության համար ոչ մեկին չմեղադրեն եւ դիակը չդիահերձեն:

Լենա Սարուխանյանը վստահ է, որ դա սուտ է, Թորգոմը նման երկտող չի գրել, այն սարքվել է, որպեսզի թույլ չտան դիահերձել դիակը եւ բացահայտել սպանության փաստը:

Տեսանյութում` հարցազրույց զոհված զինծառայողի հարազատների հետ
Զոհված զինծառայողի գործով 3 ամբաստանյալ կա
please wait

No media source currently available

0:00 0:01:54 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG