Մատչելիության հղումներ

Բաքու է մեկնում ԵԱՀԿ-ի հատուկ բանագնացը


ԵԱՀԿ-ի լոգոն
ԵԱՀԿ-ի լոգոն
Երկուշաբթի օրը Բաքու է այցելում ԵԱՀԿ-ի լիտվական նախագահության` երկարատեւ հակամարտությունների գծով հատուկ բանագնաց Գեդրյուս Չեկուոլիսը։ Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը հաղորդել է Ադրբեջանում Լիտվայի դեսպան Կեստուսիս Կուձմանասը։

Լիտվան այս տարվա հունվարի 1-ից է հերթագայության կարգով ստանձնել ԵԱՀԿ-ի նախագահությունը, որը մինչ այդ իրականացրել է Ղազախստանը։

Պաշտոնական Վիլնյուսը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ի տարածքում առկա երկարատեւ հակամարտությունների կարգավորումը համարում է իր նախագահության առաջնահերթություններից մեկը։ Հարավային Կովկասում չկարգավորված են մնում վրաց - աբխազական, վրաց - հարավօսական եւ հայ - ադրբեջանական հակամարտությունները։

Հատուկ բանագնաց Գեդրյուս Չեկուոլիսը, «Թրենդ»-ի փոխանցմամբ, կադրային դիվանագետ է։ Նա 1982 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, աշխատել է Լիտվայի արտգործնախարարությունում, որտեղ զբաղեցրել է կառավարությանն առընթեր` ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով խմբի համակարգողի պաշտոնը։

Չեկուոլիսը Վրաստանի հակամարտությունների տարածքում կայունության վերականգնման հարցով ժնեւյան քննարկումների համանախագահողն է։
Ժնեւյան հանդիպումներին հավասար հիմունքներով մասնակցում են Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հարավային Օսիայի, Աբխազիայի, Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի պատվիրակները։

Այդ նախաձեռնության շրջանակներում այսօրվա դրությամբ էական առաջխաղացում չի գրանցվել` միակ փաստաթուղթը, որը կողմերը կարողացել են համաձայնեցնել, Վրաստանի հակամարտությունների գոտիներում միջադեպերի կանխման եւ կարգավորման առաջարկների փաթեթն է։

Անցյալ տարվա դեկտեմբերին Չեկուոլիսը հայտարարել է, որ դժվար թե Լիտվայի նախագահության ընթացքում հակամարտությունների կարգավորման հարցում արձանագրվեն բեկումնային որոշումներ, սակայն Լիտվան ամեն ինչ կանի դրական արդյունքներ ապահովելու համար։

Լիտվայի խորհրդարանի խոսնակ Իրենա Դեգուտյենեն ասել է, թե Սեյմը (խորհրդարանը) պատրաստում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով արձանագրություն», որի իրականացումը կախված կլինի միջազգային համայնքի գործադրած ջանքերից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG