Մատչելիության հղումներ

Բեռլինի կինոփառատոնի հաղթողը իրանցի բեմադրիչն է


Գերմանիա - Իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադին (ձախից) Բեռլինի կինոփառատոնի տնօրեն Դիտեր Կոսլիկից ստանում է «Ոսկե արջը», Բեռլին, 19-ը փետրվարի, 2011թ.
Գերմանիա - Իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադին (ձախից) Բեռլինի կինոփառատոնի տնօրեն Դիտեր Կոսլիկից ստանում է «Ոսկե արջը», Բեռլին, 19-ը փետրվարի, 2011թ.
Ասղար Ֆարհադիի «Նադերը եւ Սիմինը. բաժանում» ֆիլմը շաբաթ օրը վաստակել է Բեռլինի հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր մրցանակը` «Ոսկե արջը»։

Իրանական ընտանիքների մասին պատմող ժապավենը 15 այլ ֆիլմերի հետ է մրցել այս տարվա եվրոպական առաջին խոշոր կինոփառատոնի գլխավոր մրցանակի համար։

«Ոսկե արջից» զատ` մրցանակաբաշխության միջազգային հանձնաժողովը «Արծաթե արջ» է շնորհել «Նադերը եւ Սիմինը. բաժանում» ֆիլմին «Լավագույն դերասանուհու» եւ «Լավագույն դերասանի» անվանակարգերում։

Կինոբեմադրիչ Ֆարհադին 2009 թվականին Բեռլինի կինոփառատոնում ստացել է «Լավագույն բեմադրություն» անվանակարգի մրցանակը «Էլլիի մասին» ֆիլմի համար։

Բեռլինի այս տարվա կինոփառատոնի ժյուրիի կազմում էր ընդգրկված նաեւ իրանցի աշխարհահռչակ կինոբեմադրիչ Ջաֆար Փանահին, սակայն նա Գերմանիա չի մեկնել, քանի որ այսօրվա դրությամբ գտնվում է իրանական բանտում։

Իրանի իշխանությունները Փանահիին անցյալ տարվա դեկտեմբերին դատապարտել են 6 տարվա ազատազրկման եւ 20 տարով զրկել կինոֆիլմեր բեմադրելու, սցենարներ գրելու, հարցազրույցներ տալու եւ երկիրը լքելու իրավունքից։

Ստանալով «Ոսկե արջը` Ասղար Ֆարհադին իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնել բանտարկված գործընկերոջը։

Անցած ամիսների ընթացքում մոլորակի անվանի կինոգործիչները պաշտոնական Թեհրանին հորդորել են ազատ արձակել ռեժիսորին, սակայն իրանական կողմն անդրդվելի է մնացել։ Ի նշան բողոքի` Բեռլինի այս տարվա կինոփառատոնի ընթացքում ժյուրիի սեղանի մոտ տեղադրված է եղել Փանահիի համար առանձնացված թափուր աթոռը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG