Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը քննադատում է կոալիցիոն նոր հուշագիրը


ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյան
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյան
Հայաստանի նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Վարդան Օսկանյանը հանդես է եկել կոալիցիոն ուժերի կողմից նախօրերին ստորագրված նոր հուշագրի վերաբերյալ քննադատող հայտարարությամբ: Նրա կարծիքով` կոալիցիոն նոր համաձայնագիրը «ընդգծում է իշխանության արհամարհանքը ժողովրդավարության, ընտրությունների ինստիտուտի եւ հասարակության կամքի հանդեպ»:

«Կոալիցիոն ուժերը բաց տեքստով հայտարարում են, որ գալիք խորհրդարանական ընտրություններում չեն պատրաստվում իրականացնել քաղաքական ուժերի հիմնական առաքելությունը` քաղաքական ազատ մրցակցության մեջ մտնել միմյանց հետ: Ավելին` բացարձակ մեծամասնություն ունեցող կոալիցիան նաեւ հայտարարում է, որ նպատակ ունի առանց այդ էլ խորհրդարանում չնչին ներկայություն ունեցող ընդդիմությանը լիովին դուրս մղել խորհրդարանից», - ասված է Օսկանյանի ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ:

Ըստ Օսկանյանի` դա ոչ միայն չի նպաստի երկրում ստեղծված բարդ սոցիալական, տնտեսական եւ քաղաքական իրավիճակի բարելավմանը, այլեւ ավելի կբարդացնի այն:

«Իրավիճակից դուրս գալու ճանապարհը ոչ թե այդ իրավիճակի բարելավման հիմնական խոչընդոտը հանդիսացող իշխանությունների վերարտադության երաշխավորումը պետք է լիներ, այլ իշխանության ներսում հակակշռի ապահովումը` միահեծան իշխանությանը այլընտրանքի հնարավորության հեռանկարը», - առաջարկում է Օսկանյանը:

Նրա կարծիքով, ներկայումս ստեղծված իրավիճակը էլ ավելի կխորացնի հասարակության հուսահատությունը` հնարավոր բոլոր բացասական հետեւանքներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG