Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը մերժեց Նիկոլ Փաշինյանի բողոքը


Armenia -- Opposition leader Nikol Pashinian at a court hearing held in Artik prison, 18Feb2011
Armenia -- Opposition leader Nikol Pashinian at a court hearing held in Artik prison, 18Feb2011
Վերաքննիչ դատարանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում անցկացրած նիստում այսօր մերժեց ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը:

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրի պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանից պահանջում էր բեկանել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` անցած տարվա նոյեմբերի 19-ի վճիռը, որով դատարանը հրաժարվել էր անվավեր ճանաչել Փաշինյանի պատժաչափը 3 տարի 10 ամիս 29 օր սահմանելու մասին որոշումը:

2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների առնչությամբ 2010-ի հունվարին 19-ին 7 տարվա ազատազրկման դատապարտված Փաշինյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի մարտի 9-ի որոշմամբ համաներում էր կիրառվել, եւ նրա պատժաչափի չկրած մասը կիսով չափ կրճատվել էր:

Վերաքննիչ դատարանի որոշումը հիմք ընդունելով` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը մայիսի 25-ին Փաշինյանի պատժաչափը սահմանել էր 3 տարի 10 ամիս 29 օր` նախնական կալանքի տակ գտնվելու 10 ամիսները եւս համարելով պատժի կրում: Ըստ այդ հաշվարկի` Փաշինյանը պետք է ազատ արձակվի 2013 թվականի գարնան վերջին: Մինչդեռ, նրա պաշտպանական կողմը համոզված է, որ Նավասարդյանը պետք է կիսեր 7 տարվա ազատազրկման ժամկետը, վերջնաժամկետ համարեր 3.5 տարին, եւ Փաշինյանը 2013-ի հունվարին դուրս կգար բանտից:

Փաշինյանը եւ նրա փաստաբանները համոզված են, որ պատժաչափը սխալ է հաշվարկված, եւ այդ սխալ հաշվարկի հետեւանքով Նիկոլ Փաշինյանը շուրջ 5 ամիս ավելի է մնալու բանտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG