Մատչելիության հղումներ

Գյուղնախարարը ալյուրի գնի աճը կապում է միջազգային գների հետ


Գյուղնախարար Սերգո Կարապետյանը վերջին ամսվա ընթացքում ալյուրի գնի աճը կապում է այն հանգամանքի հետ, որ Հայաստանը` որպես ներկրող երկիր կախված է միջազգային շուկայի գներից:

«Մենք հացահատիկի մեր պահանջարկի մոտ 35 տոկոսն ենք կարողանում ապահովել, մնացածը դրսից է ներկրվում: Իսկ համաշխարհային շուկայում գների աննախընթաց բարձրացում է նկատվում, իսկ այդ պայմաններում եթե մենք համեմատում ենք մեր հարեւան երկրների հետ, տեսնում ենք, որ մեր մոտ ալյուրի գինը ավելի էժան է, քան մյուս հանրապետություններում, որոնք հենց իրենք արտադրում են: Իհարկե, դա ցավալի հարց է, բայց մեր ուշադրության կենտրոնում է», - ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսում հայտարարեց գյուղնախարարը:

Անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանի կառավարությունը Ռուսաստանից ներկրեց 950 տոննա ցորենի «էլիտա» տեսակի սերմնացու, որը բաժանվեց հանրապետության տարբեր մարզերում 90-95 շահառուների միջեւ: Ավելի վաղ նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը հայտարարել էր, որ սերմնաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում որոշել են, որ 2014 թվականին ցորենի սերմի ինքնաբավության մակարդակը հասցվելու է 55 տոկոսի: Հինգշաբթի օրն էլ կառավարությունը հավանության էր արժանացրել 2011 թվականի գարու արտադրության զարգացման ծրագիրը հաստատելու եւ սերմերի ներմուծումը թույլատրելու մասին որոշումը:

«Նախատեսված է Ուկրաինայից ու Ռուսաստանից ներկրել 2000 տոննա բարձր վերարտադրության գարու սերմացու եւ տրամադրել հիմնականում սահմանամերձ եւ լեռնային գոտիների գյուղացիական տնտեսություններին: Սերմնացուի կտրամադրվի այն գյուղացիական տնտեսություններին, որոնք ունեն 300 հազար մետր քառակուսուց ավելի հողակտորներ եւ նախորդ տարիներին այդ հողակտորները չեն մշակել: Սերմը տրվելու է անվճար, աշնանը ստացված բերքից գյուղացին պետք է վերադարձնի մեկին մեկ հարաբերությամբ` ելնելով շուկայական արժեքից: Այս ծրագրին մասնակցելու համար արդեն հայտ են ներկայացրել 14 հազար գյուղացիական տնտեսություններ, եւ հայտերի ընդունումը դեռեւս շարունակվում է», - ասաց Սերգո Կարապետյանը:

Անդրադառնալով հավկիթի խնդրին ` Կարապետյանն ասաց, որ Հայաստանում այժմ բնակչությունը ձվով ապահովված է եւ ներկրելու անհրաժեշտություն չկա: Նրա կարծիքով` Զատկի տոնին հավկիթը չի թանկանա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG