Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետին ընդունեց Հայաստանի նախագահը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը նշել է, մասնավորապես, որ հայ - վրացական առեւտրատնտեսական հարաբերությունները զարգանում են, կա դրական միտում, սակայն առեւտրաշրջանառության ծավալները, առկա ներուժի համեմատ, դեռեւս բավարար համարել չի կարելի, ուստի անհրաժեշտ է ավելի ակտիվացնել այս ուղղությամբ ջանքերը:

Հայաստանի նախագահը եւ Վրաստանի վարչապետը խոսել են նաեւ մշակույթի, կրթության եւ այլ բնագավառներում համագործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրերի իրագործման անհրաժեշտության մասին:

«Կարծում եմ, որ մենք պետք է զարգացնենք մեր մշակութային հարաբերությունները: Այդ ոլորտում մենք մեր գործունեությունը վերջին շրջանում որոշակիորեն ակտիվացրել ենք: Կարծում եմ, որ հրաշալի գաղափար էր դպրոցական օլիմպիադա անցկացնելը: Այն, ինչ ասաց Միխեիլ Սահակաշվիլին` վրացական համալսարաններում հայ ուսանողների կրթության համար դրամաշնորհներ հատկացնելու հետ կապված, շատ կարեւոր է: Մենք եւս նույնն ենք անելու: Պետք է օգտագործենք ցանկացած առիթ, որպեսզի երիտասարդ սերունդը շփվի», - ասել է Սերժ Սարգսյանը` ընդգծելով. - «Մեր ժողովուրդները հազարամյակներ շարունակ բարեկամություն են արել, եւ մեր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի այդ ավանդույթները մի փոքր էլ ընդլայնենք ու փոխանցենք գալիք սերունդներին»:

Վրաստանի վարչապետը Հայաստանի նախագահին է փոխանցել իր երկրի ղեկավարի ջերմ ողջույններն ու վերահաստատել Վրաստան այցելելու` Սահակաշվիլիի հրավերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG