Մատչելիության հղումներ

ՀԱԿ ներկայացուցիչը բացառում է Քոչարյանի վերադարձը


ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյան
ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյան
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը բացառում է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը որեւէ պաշտոնի: Ընդդիմադիր գործչի խոսքով` Քոչարյանի «թոշակառուի կարգավիճակը չի փոխվի»:

Լրագրողների հետ չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը, մնալով ստվերում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) օգնությամբ փորձում է ապակայունացնել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, եւ նրան արդեն իսկ հաջողվել է որոշակի անկայունություն մտցնել իշխող կոալիցիայում եւ ներիշխանական շրջանակներում: Ըստ Շահնազարյանի` իրականում Քոչարյանը ԲՀԿ-ի միջոցով փորձում է ցույց տալ, որ ինքը վայելում է Կրեմլի աջակցությունը, իսկ իշխող Հանրապետական կուսակցությունն էլ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ունենալով Արեւմուտքի աջակցությունը, փորձում է պահպանել իր իշխող դիրքերը:

«Բացառված է, որ Մոսկվան որեւէ քաղաքական աջակցություն ցուցաբերի Ռոբերտ Քոչարյանին` հաշվի առնելով այն հսկայական ատելությունը, որ կա մեր հասարակության մեջ նրա նկատմամբ եւ հաշվի առնելով, որ նրան սպասում է ամբաստանյալի աթոռը», - ասաց Շահնազարյանը:

Շահնազարյանը համոզված է, որ այս ամենն ավելի է խորացրել հակասությունը Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ:

«Իշխանություն, փող, բիզնես, ազդեցություն` միայն այդ հարթության վրա են նրանք կարողանում հասկանալ ամեն ինչ: Պետություն, ժողովուրդ, պետության անվտանգություն, ժողովրդի անվտանգություն, ժողովրդի բարեկեցության բարձրացում` ես համոզված եմ, նրանք նույնիսկ չեն էլ մտածում այդ մասին», - ասաց Շահնազարյանը:

Նա կարծիք հայտնեց, որ դիրքերն ամրապնդելու համար մղվող այս պայքարի ֆոնին ՀԱԿ-ը հանդիսանում է կայունության երաշխավորը, իսկ Հայաստանում անկայունություն մտցնելու բոլոր փորձերը դատապարտված են: Ընդդիմադիր գործիչը նաեւ կարծիք հայտնեց, թե սոցիալական իրավիճակը Հայաստանում պարունակում է պայթունավտանգ տարրեր: Հարցին, թե ՀԱԿ-ը կուղղորդի՞ սոցիալական բողոքի ալիքը, Շահնազարյանը պատասխանեց. - «Սոցիալական պահանջներ առաջ քաշելով` որեւէ հաջողության չեն հասնի: Բացառապես քաղաքական խնդիրները լուծելով` կարելի է հասնել դրան: Հաղթահարելու միակ ուղին իշխանափոխությունն է, այլ ճանապարհ չկա»:

Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ ՀԱԿ-ը արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների կողմնակից է, ընդդիմադիր դաշտում էլ կհամագործակցի բոլոր նրանց հետ, ովքեր կողմ են արտահերթ ընտրությունների անցկացմանը:Նա արտահերթ ընտրությունների անցկացումը ազգային համաձայնության հասնելու միակ ձեւը համարեց: Հարցին, թե այս դեպքում ՀԱԿ-ը կմիանա արդյո՞ք արդար ընտրությունների շարժում ստեղծող Հայ Հեղափոխական Դաշնակցությանը, Շահանազարյանը այսպես արձագանքեց. - «Դաշնակցությունը երբեք չի դադարել իշխանության մաս լինելուց»:

Ղարաբաղյան հիմնախնդրին անդրադառնալով` Շահնազարյանը կարծիք հայտնեց, թե խաղաղ կարգավորման գործընթացները ոչ թե Մինսկի խմբի ձեւաչափով են ընթանում, այլ նրա շուրջ. հարցը տեղափոխվել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողով, ՄԱԿ, առանձին դեպքերում` տարբեր երկրների խորհրդարաններ: Նա Կառավարության կազմում գործող ամենաթույլ օղակը համարեց Արտաքին գործերի նախարարությունն ու ասաց, թե Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման հնարավորությունը բանակցային որեւէ փուլում այնքան մեծ չի եղել, որքան հիմա:

«Ադրբեջանի իշխանությունները կատարել են բազմաթիվ սխալներ, ապացուցելով, որ նրանց համար բանակցային գործընթացը ընդամենը տարածքների վերադարձն է, բացահայտորեն խոսելով միայն ռազմական լուծման մասին` իրենց դրել են չափազանց լուրջ եւ ծանր վիճակի մեջ, որից բացառապես մեր դիվանագիտությունը չի օգվում», - ասաց Շահնազարյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:47 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG