Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի համար «կանխատեսելի էր», որ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին 2013-ին սատարելու մասին հայտարարություն չի անի


Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության քաղխորհրդի անդամ Սամվել Նիկոյանի խոսքով` ՀՀԿ-ի համար կանխատեսելի էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ 5-րդ համագումարում 2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարություն չի անի:

«Որովհետեւ բազմաթիվ անգամ հայտարարել էին, որ դա իրենց հերթական համագումարն է, եւ շատ սովորական համագումար է, եւ այնտեղ որեւէ սենսացիոն հայտարարություն չի լինելու: Հանրապետականի համար դա ամենեւին էլ զարմանալի չէր, եւ պետք էլ չէ ինչ-որ մեկնաբանություններ անել: Մեզ համար ամբողջությամբ կանխատեսելի էր, որ դա այդպես էլ պետք է լինի: Համագումարը այն տեղը չէ, որտեղ հայտարարություններ են անում», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Նիկոյանը:

Պատասխանելով այն հարցին, թե իսկապե՞ս ՀՀԿ-ն վերջին շրջանում լուրջ ճնշումներ է գործադրում ԲՀԿ-ի վրա, Նիկոյանը ասաց, թե այդ հարցի պատասխանը տվել է Հայաստանի նախագահ, ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանը. - «...Որ Հանրապետականը իր գործընկերների հետ երբեք վերջնագրերի լեզվով չի խոսում, Հանրապետականը ուղղակի կարող է խնդիրներ դնել իր գործընկերների առջեւ ապագայի տեսլականի վերաբերյալ», - նախագահի խոսքերը մեջբերեց Նիկոյանը:

Նա ոչ միայն չի բացառում, այլեւ կարծում է, որ գործընթացները բերելու են նրան, որ առաջիկայում ԲՀԿ-ն հայտարարի 2013 թվականի նախագահական ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին:

«Ես կարծում եմ` շատ բնական կլինի եւ գործընթացների բանական տրամաբանությունը բերելու է դրան», -ասաց ԱԺ փոխնախագահը:

Երեւանյան մամուլն այսօր գրում է, որ առաջիկայում կոալիցիոն ուժերը, այնուամենայնիվ, կստորագրեն նոր հուշագիր, որի համաձայն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու «Օրինաց երկիր»-ը (ՕԵԿ) ամրագելու են, որ 2013-ին հանդես են գալու նախագահի միասնական թեկնածուով: Մամուլը գրում է, որ թեկնածուի անունը հայտարարության մեջ չի նշվելու, եւ դա լինելու է ԲՀԿ-ին արված փոխզիջում:

Անդրադառնալով այս խնդրին` Նիկոյանն ասաց, թե ստույգ տեղեկություններ չունի նման փաստաթղթի ստորագրման մասին, բայց, նրա համոզմամբ, կոալիցիոն գործընկերները պետք է փոխադարձ կանխատեսելի լինեն միմյանց համար:

«Կանխատեսելիությունը գործընկերային հարաբերությունների շրջանակների մեջ է մտնում: Յուրաքանչյուր գործընկերոջ համար պետք է մյուս գործընկերոջ մտադրությունները շատ հստակ հասկանալի, ընկալելի, տրամաբանված լինեն», - ասաց Նիկոյանը:

Հարցին, թե արդյո՞ք այդ կանխատեսելիությունը վերաբերում է ԲՀԿ-ին, քանի որ ՕԵԿ-ը արդեն հայտարարել է, որ սատարելու է Սերժ Սարգսյանին, Նիկոյանը արձագանքեց. - «Ես նկատի ունեմ բոլոր կոալիցոն գործընկերներին: Հանրապետականը եւս պետք է իր ծրագրերով կանխատեսելի լինի մյուսների համար, ինչպես եւ ՕԵԿ-ը եւ ԲՀԿ-ն»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սերժ Սարգսային սատարելու վերաբերյալ ԲՀԿ-ի համաձայնությունը ստանալու նպատակով ՀՀԿ-ի ակնկալիքները, ինչպես նաեւ Սարգսյանի կողմնակիցների շուրթերով Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված հայտարարությունները հետեւյալ կերպ գնահատեց. - «Ձուկը ջրում կռիվ են անում այդ կուսակցությունները: Ժողովուրդը չի պատկերացնում, որ այդ կոալիցիոն կոչված կուսակցություններից որեւէ մեկի հետ կարող է հանգիստ, ազատ, արդար ապրել»:

Արամ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ հակասությունները իրականում արտաքին ուժերի ճնշումների հետեւանք են:

«Ղարաբաղի հիմնահարցով ինչ-ինչ լուծումներ ստանալու համար, մասնավորապես այս դեպքում, ես տեսնում եմ, որ այդ ճնշումները Ռուսաստանի կողմից են: Տեսեք` ռուսական մամուլը ինչ ոգեւորությամբ է ներկայացնում ԲՀԿ-ի համագումարը, որ այնտեղ չպաշտպանեցին Սերժ Սարգսյանին: Ռուսական կողմին պետք է, որ Հայաստանի իշխանությունները Ղարաբաղի հիմնահարցով ստորագրեն հենց այն փաստաթուղթը, ինչ իրենց է ձեռք տալիս, փորձում են ճնշել Սերժ Սարգսյանին: Ճնշելու համար իրենք ունեն բազմաթիվ լծակներ, ներառյալ` ներքաղաքական լծակները», - կարծիք հայտնեց Արամ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG