Մատչելիության հղումներ

Իրանի ընդդիմությունը նորից փողոց է դուրս գալիս


Իրան - Ոստիկանության եւ ցուցարարների բախումները Թեհրանում, 14-ը փետրվարի, 2011թ.
Իրան - Ոստիկանության եւ ցուցարարների բախումները Թեհրանում, 14-ը փետրվարի, 2011թ.

Իրանական ընդդիմությունը` ոգեշնչված Եգիպտոսում եւ Թունիսում տեղի ունեցած հեղափոխությունների օրինակով, կրկին փողոց է դուրս գալիս:

2009-ի դեկտեմբերին Թեհրանում կայացած հուժկու ցույցերից ի վեր առաջին անգամ հազարավոր իրանցիներ երկուշաբթի օրը կրկին փողոց էին դուրս եկել` իրենց աջակցությունը հայտնելով Եգիպտոսի ժողովրդին, միաժամանակ պահանջելով նաեւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրաժարականը:

Բողոքի ակցիայից առաջ, սակայն, Իրանի իշխանությունները որոշակի կանխարգելիչ քայլերի դիմեցին` փորձելով գլխատել ընդդիմադիր շարժումը: Ընդդիմության առաջնորդներից Մեհդի Քարուբին անցած շաբաթավերջին հայտնվեց տնային կալանքի տակ: Նախագահության նախկին թեկնածու Միր-Հոսեյն Մուսավիին էլ ոստիկաններն արգելեցին դուրս գալ տնից` հնարավորություն չտալով նրան մասնակցել բողոքի ակցիաներին:

Առաջնորդների բացակայությունը, այդուհանդերձ, չխանգարեց ընդդիմության կողմնակիցներին դուրս գալ Թեհրանի կենտրոնական Վալի-յե-Ասր պողոտա` շարժվելով դեպի կենտրոնական Ազադի հրապարակ:

Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումները շարունակվեցին մինչեւ ուշ գիշեր: Ոստիկանները արցունքաբեր գազ եւ հրազեն կիրառեցին բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար: Որպես հետեւանք` մեկ մարդ զոհվեց, մի քանիսը վիրավորվեցին: Պաշտոնական Թեհրանը, սակայն, արյունահեղության ողջ մեղքը բարդում է ընդդիմության ուսերին:

«Իրանի մայրաքաղաք Թեհրանում հակակառավարական ուժերը, այդ թվում «Մոջահեդին խալք» խմբավորման ահաբեկիչները անկարգություններ են հրահրել` մեկ մարդու մահվան պատճառ դառնալով: Սպանվածը հատուկ նշանակության «Բասիջ» ջոկատի մարտիկ է», - երեքշաբթի առավոտյան նման հաղորդագրություն տարածեց Իրանի պետական անգլալեզու Press TV հեռուստաալիքը:

Անցած գիշեր Թեհրանի իրադարձություններին անդրադարձավ նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

«Այն, ինչ այսօր կատարվում է Իրանում, այդ երկրի ժողովրդի համարձակության, միաժամանակ նաեւ իշխող վարչակազմի երկերեսանիության վկայությունն է: Այդ վարչակազմը վերջին երեք շաբաթներին անընդհատ ողջունում էր Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները: Այժմ սակայն, երբ հնարավորություն կա սեփական ժողովրդին օժտել այն նույն իրավունքներով, որոնց, իրենց համոզմամբ, արժանի է Եգիպտոսի ժողովուրդը, Իրանի իշխանությունները ցուցադրում են իրենց իրական դեմքը», - հայտարարեց Քլինթոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG