Մատչելիության հղումներ

Երեւանյան շուկաներում ալյուրը կրկին թանկացել է


Երեւանյան շուկաներում 50 կիլոգրամանոց 1 պարկ ալյուրի գինը վերջին 1 ամսվա ընթացքում երկրորդ անգամ է բարձրացել` հասնելով 13 հազար դրամի:

«Ազատություն» ռադիոկայանի այցելած շուկաներում վաճառողները հրաժարվեցին խոսել միացված միկրոֆոնի առջեւ, սակայն հայտնեցին, որ 50 կիլոգրամանոց մեկ պարկ ալյուրը շաբաթ-կիրակի օրերին թանկացել է հազար դրամով:

Հիշեցնենք, հունվարի վերջին 1 պարկ ալյուրը թանկացել էր` 11 հազարից հասնելով 12 հազար դրամի:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տնտեսագետ Սամվել Ավագյանը նշեց, որ հայաստանյան շուկայում ալյուրի թանկացման գործում, իհարկե դեր է խաղում ցորենի միջազգային գնի աճը: Նրա գնահատմամբ, Չիկագոյի բորսայում, որը էական նշանակություն ունի ցորենի միջազգային գնի ձեւավորման վրա, մեկ ամսվա ընթացքում ցորենը թանկացել է մոտ 10 տոկոսով` 1 տոննայի դիմաց 300 ԱՄՆ դոլարից հասնելով մոտ 330 դոլարի: Սակայն, ինչպես ընդգծեց մեր զրուցակիցը, Հայաստանում ալյուրի այս վերջին թանկացման գործում կա նաեւ սուբյեկտիվ գործոն:

«Մաքսազերծման ընթացքում Պետեկամուտների կոմիտեի որոշմամբ բարձրացվել է ցորենի հսկիչ գինը, որը անդրադարձել է ներքին շուկայում ալյուրի գների վրա», - նշեց տնտեսագետը:

Հսկիչ գինը այն թիվն է, որով Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն գնահատում է Հայաստան ներկրվող 1 տոննա ցորենը: Այսինքն, ըստ Սամվել Ավագյանի, եթե մինչեւ փետրվարի 1-ը ՊԵԿ-ը ներկրվող մեկ տոննա ցորենը գնահատում էր 250 դոլար ու մաքսատուրք էր գանձում այդ գումարից, ապա փետրվարի 1-ից հետո 1 տոննա ցորենը գնահատվում է 350 դոլար:

«Ազատություն» ռադիոկայանին չհաջողվեց խնդրի առնչությամբ մեկնաբանություններ ստանալ Պետեկամուտների կոմիտեից կամ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, իսկ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտարարեց, որ գնաճը զսպելու նպատակով կառավարությունը եւ Կենտրոնական բանկը կիրառում են «ամբողջ գործիքակազմը, որը պետությունն ունի իր տրամադրության տակ» եւ քննարկվում են լրացուցիչ մեթոդներ, սակայն առայժմ ձեռնպահ մնաց մանրամասներ հրապարակելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG