Մատչելիության հղումներ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջը, շատ երիտասարդներ էլ` Սուրբ Վալենտինի օրը


Թեեւ Հայ առաքելական եկեղեցին մի քանի տարի առաջ Սուրբ Սարգսի տոնը` փետրվարի 19-ը, հռչակեց իբրեւ սիրահարների տոն, հայ երիտասարդներից շատերը շարունակում են մեծ հաճույքով նշել Սուրբ Վալենտինի օրը` փետրվարի 14-ը, որը քրիստոնյա աշխարհում ընդունվում է որպես սիրահարների օր:

Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Մեսրոպ աբեղա Պարսամյանը, սակայն, համոզված է, որ իրականում ոչ թե Վալենտինի, այլ Սուրբ Սարգսի տոնն է արմատավորվում որպես սիրահարների տոն:

«Սա շատ բնական է եւ խրախուսելի, քանի որ մենք ունենք ազգային սուրբեր, ազգային ավանդություններ, որոնք այս գլոբալիզացվող իրականության մեջ չպետք է մոռանանք», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց եկեղեցու ներկայացուցիչը:

Ծագումով հույն Սուրբ Սարգիս զորավարը նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Սուրբ Մեսրոպ Մաշտոց վարդապետը Սուրբ Սարգսի մասունքները բերել է Կարբի (Աշտարակի շրջան)` տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Մեսրոպ աբեղա Պարսամյանը նշեց, որ այսօր Սուրբ Սարգսին ավելի շատ ճանաչում են Հայաստանում, քան Հունաստանում, եւ կարելի է ասել, որ նա «հայացվել» է:

496 թվականին Հռոմի Պապ Գելասիուսը փետրվարի 14-ը հայտարարել է Սուրբ Վալենտինի օր, որը լայն տարածում է ստացել միջին դարերում: 1969 թվականին Հռոմի Պողոս VI պապը Վալենտինի տոնը հանեց հռոմեական կրոնական տոնացույցից, բայց այս օրը նշելը եկեղեցու կողմից չի արգելվում:

Իսկ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 14-ին տոնում է Տյառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին: Այս տոնը նշվում է Աստվածահայտնությունից` հունվարի 6-ից, ուղիղ 40 օր հետո:

Տյառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:

Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ, որի ավարտին տեղի է ունենում մոմերի օրհնության արարողությունը: Այնուհետեւ, եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ, իբրեւ Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Տեառնընդառաջի տոնը հատկապես սիրով նշում են այն ընտանիքներում, որտեղ նորապսակներ կան: Այդպիսի ընտանիքներում ընդունված է խարույկ վառել, եւ պտտվել խարույկի շուրջը ու դրա վրայով ցատկել: Ավանդույթի համաձայն, խարույկը հեռացնում է բոլոր չարիքները, պտղաբերություն ու բարեկեցիկ կյանք բերում նորապսակներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG