Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում թուրքական լոբբին կսերտացնի շփումները նորընտիր կոնգրեսականների հետ


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը
ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը
Միացյալ Նահանգներում գործող թուրքական կառույցները որոշել են սերտացնել շփումները Կոնգրեսի նորընտիր անդամների հետ, որոնք ԱՄՆ-ի օրենսդիր մարմնում են հայտնվել նոյեմբերին կայացած ընտրությունների արդյունքում: Այս մասին հաղորդում է Hurriyet պարբերականը` վկայակոչելով մի բարձրաստիճան թուրք դիվանագետի խոսքերը:

Hurriyet-ի զրուցակիցը նշել է, որ հիմնականում ուշադրության կենտրոնում են հայտնվում պահպանողական հայացքների տեր կոնգրեսականները, ինչպես նաեւ փոխնախագահության նախկին թեկնածու Սառա Փեյլինի ստեղծած «Թեյախմության շարժման» անդամները:

«Անցած աշնանը Կոնգրես մուտք գործած այս օրենսդիրների հետ մենք ակտիվ երկխոսության մեջ ենք մտել` փորձելով նրանց ավելի սերտորեն ծանոթացնել թուրքական քաղաքականությանը», - նշել է դիվանագետը:

Այս երկխոսության գլխավոր նպատակներից մեկն էլ, ըստ թուրքական աղբյուրների, Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարները արգելափակելն է: Hurriyet-ի հոդվածագիրն այս առումով նշում է. - «Նախորդ գումարման Կոնգրեսում Թուրքիան բախվում էր լուրջ դժվարությունների, քանի որ այնտեղ մեծամասնություն էին կազմում Դեմոկրատական կուսակցության այն անդամները, որոնք միանշանակորեն կողմ էին 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելուն»:

Իսկ թուրք դիվանագետները նշում են, որ ոչ միայն ակտիվացնում են կոնգրեսականների հետ տարվող աշխատանքները, այլեւ բազմազանեցնում կիրառվող մեթոդները:

«Մենք միայն կոնգրեսականներով չենք սահմանափակվում, սկսել ենք նաեւ ակտիվորեն շփվել նրանց օգնականների հետ: Երբ Թուրքիայից որեւէ պաշտոնական պատվիրակություն է ժամանում, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հանդիպում կայանա նաեւ կոնգրեսականների հետ: Ավելին, մենք նրանց բավական հաճախ հրավիրում ենք Թուրքիա», - նշել է թուրք դիվանագետը:

Բավական ակտիվ են նաեւ Միացյալ Նահանգներում գործող թուրքական լոբբիստական կառույցները: Այսպես, Ամերիկայի թուրքական ընկերակցությունը ջանքեր է գործադրում Կոնգրեսի թուրք - ամերիկյան բարեկամության խմբի անդամների քանակն ավելացնելու ուղղությամբ:

Ընկերակցության ղեկավար Կայա Բոզթեփեն Hurriyet-ի հետ զրույցում նշել է. - «Այս խմբի դեմոկրատ անդամների զգալի մասը նոյեմբերին կայացած ընտրությունների ժամանակ պարտվեց, ինչի արդյունքում խմբի անդամների թիվը 125-ից միանգամից իջավ 96-ի: Մենք, սակայն, հույս ունենք, որ մոտ ապագայում խմբի անդամների թվաքանակը ոչ միայն կհասնի, այլեւ կգերազանցի 125-ը: Բանն այն է, որ մենք շատ լավ հարաբերություն ունենք հանրապետական կոնգրեսականների հետ»:

Առաջիկա ամիսներին էլ Միացյալ Նահանգներում գործող թուրքական կազմակերպությունների առաջնահերթ խնդիրներից մեկը լինելու է Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ նոր զարգացումների դիտարկումը:

«Անկարայում հակված են այն մտքին, որ Կոնգրեսում առաջիկայում Հայոց ցեղասպանության շուրջ նոր բանաձեւ շրջանառության մեջ չի դրվի: Այնուհանդերձ, մենք հետեւելու ենք, թե ինչ կասի իր ապրիլքսանչորսյան ուղերձում ԱՄՆ-ի նախագահը», - փոխանցել են Hurriyet-ի դիվանագիտական աղբյուրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG