Մատչելիության հղումներ

Փետրվարի 12-ի մամուլ


Անդրադառնալով ներիշխանական խմորումներին` «Ժամանակ»-ի խմբագրականը գրում է. - «Ներիշխանական հակասությունների շրջանը, ամենայն հավանականությամբ, տեւելու է բավական երկար, առնվազն մինչեւ 2012 թվականի մայիս: Չի բացառվում նաեւ դրանից հետո` մինչեւ 2013 թվականի փետրվար-մարտ, երբ տեղի կունենա նախագահի հերթական ընտրությունը: Ի՞նչ պետք է անի այդ ընթացքում Հայաստանի հասարակությունը, ընդդիմությունը: Այդ հարցը, թերեւս, շատ կարեւոր է` թե՛ այն դեպքում, եթե համարում ենք, որ ներիշխանական հակասություններն իմիտացիա են, թե՛ այն դեպքում, երբ համարում ենք, որ դրանք լուրջ են: Ակնհայտ է, որ հասարակությունը, առավել եւս դրա քաղաքական շահը սպասարկելու հայտ ներկայացրած ընդդիմությունը չեն կարող ամբողջ այդ շրջանում մնալ պասիվ եւ լինել սպասողական, դիտորդական դիրքում: Ինչ-որ պահից սկսած հարկ է լինելու ինչ-որ բան անել առավել ակտիվ ձեւով: Ահա այդ հարցում ընդդիմության համար ի՞նչ դեր եւ տեղ է ունենալու ներիշխանական հակասությունների առկայությունը, ինչպե՞ս է այն օգտագործվելու, օգտագործվելո՞ւ է, թե՞ անտեսվելու: Սրանք հարցեր են, որ կարծես թե առաջանում են շատերի մոտ: Ընդդիմությունը պետք է որքան հնարավոր է արագ եւ հստակ գտնի այդ հարցերի պատասխանները»:

Ներքաղաքական գործընթացներին ու, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարքագծին «Հայոց Աշխարհ»-ը հետեւյալ գնահատականն է տալիս. - «Մեզ հայտնի չեն ԲՀԿ-ի իրական մտադրությունները։ Ինչպես ասում են՝ մոմ չենք բռնել։ Բայց մի՞թե դա այդչափ կարեւոր է՝ կմնա կոալիցիայում, թե ոչ։ Երկիրն, ինչ է, ուրիշ խնդիրներ չունի՞, որ բոլորը մտածեն ու խոսեն միմիայն այդ մասին։ Իրականում մեր բոլոր դաշինքներում ու կոալիցիաներում միշտ էլ նորմալ հայկական իրավիճակ է տիրել. եղբայրական համբույրներ, հավերժական բարեկամության երդումներ եւ վերջում՝ պարտադիր ծեծկռտուք։ Ոչ մի արտասովոր բան»։

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանն անդրադառնում է վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների խնդրին: Թերթում կարդում ենք. - «Վրացական պետհամարիշներով մեքենա ունեցող գյումրեցի վարորդների կազմակերպած բողոքի ակցիաները շատերն ընկալում են որպես տեղական բնույթի ինչ-որ շարքային մի իրադարձություն: Իրականում դա շատ տխուր ու միեւնույն ժամանակ Հայաստանի համար չափազանց կարեւոր մի իրավիճակի արձանագրում է. հայաստանցիներն ուզում են ապրել վրաստանցիների կյանքով: Այսինքն չեն ուզում իրենց մեքենան մաքսազերծելու համար փեշով փող տալ, չեն ուզում, որ յուղոտ դեմքով հարկային տեսուչը ամեն անգամ իրենց կողքով անցնելիս շարքային ու անկշիռ գործարարի վրա նրա մի քանի ամսվա եկամուտի չափ «ակտ գրի», չեն ուզում, որ իրենց տանեն քաղմասները ու քացու տակ գցելով` սպանեն, չեն ուզում տրորվել հաբռգած անպատժելի պաշտոնյաների, օլիգարխների ու նրանց մերձավորների ջիփերի անիվների տակ»:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը փետրվարի 10-ին հայտարարել էր, որ վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիան չի թանկանա: «Կապիտալ»-ի խնդրանքով մեկնաբանելով այս հայտարարությունը` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն ասում է. - «Գործող սակագների տնտեսական հիմնավորվածությունը սահմանում է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Չնայած մենք հանձնաժողովի դիրքորոշումը համարում ենք կոշտ, սրանք այն պայմաններն են, որտեղ մենք այսօր աշխատում ենք՝ բավական արդյունավետ և բեղմնավոր»:

«Հրապարակ» թերթը գրում է. - «Կարեն Կարապետյանի գալով` մի նորույթ էլ արձանագրվեց. որոշել են մայրաքաղաքի փողոցներից մեկն անվանակոչել Հնդկաստանի անունով: Թե որ փողոցն է այդ պատվին արժանանալու` հայտնի չէ: Գաղափարը երեկ Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ հուշել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհուտրան` փաստելով Հնդկաստանում բազմաթիվ հայկական փողոցների գոյությունը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG