Մատչելիության հղումներ

Եգիպտոսն ու միջազգային հանրությունը ողջունում են Մուբարաքի հրաժարականը


Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի մասին հայտնի դարձավ, երբ Կահիրեում արդեն ուշ երեկո էր: Անձամբ Մուբարաքը որեւէ հայտարարությամբ հանդես չեկավ, իշխանափոխության մասին հայտնեց երկրի փոխնախագահ Օմար Սուլեյմանը:

«Այս դժվարին պահին, որում գտնվում է մեր երկիրը, Եգիպտոսի նախագահ Մոհամադ Հոսնի Մուբարաքը որոշեց հրաժարական ներկայացնել` Զինված ուժերի Գերագույն Խորհրդին հանձնարարելով ստանձել իշխանական բոլոր լիազորությունները», - երկրի պետական հեռուստատեսության եթերում հայտարարեց Սուլեյմանը:

Թե' Թահրիր հրապարակում հավաքված հարյուր հազարավոր ցուցարարները եւ թե' ընդդիմության առաջնորդները բուռն ոգեւորությամբ ընդունեցին Մուբարաքի հրաժարականի մասին լուրը:

«Առաջին անգամ իր պատմության ընթացքում Եգիպտոսը ազատ եւ ժողովրդավար պետություն դառնալու հնարավորություն է ստանում», - հայտարարեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին տնօրեն, եգիպտական ընդդիմության առաջնորդ Մոհամեդ Էլ-Բարադեյին:

«Ես հպարտ եմ, որ ես եգիպտոսցի եմ: Շնորհավորում եմ Եգիպտոսի բոլոր բնակիչներին», - CNN-ի եթերում ասում էր Google ընկերության մերձավորարեւելյան մասնաճյուղի ղեկավարաներից Վաել Գոնիմը, որը նաեւ սոցիալական ցանցերով բողոքի ակցիաների կազմակերպման ու համակարգման գաղափարի հեղինակներից էր:

Մուբարաքի հրաժարականի լուրը ստանալուց մի քանի ժամ անց Վաշինգտոնում հատուկ ուղերձով հանդես եկավ Միացյալ Նահագների նախագահ Բարաք Օբաման. - «Մեր կյանքի ընթացքում ընդամենը մի քանի պահեր են լինում, երբ մեզ հնարավորություն է տրվում դառնալ պատմության կերտման ականատեսը: Սա այդ պահերից մեկն է: Եգիպտոսի ժողովուրդը խոսեց, եւ նրա ձայնը լսելի դարձավ: Եգիպտոսն այլեւս երբեք նույնը չի լինի»:

Օբաման նաեւ շեշտել է, որ Մուբարաքի հրաժարականը «երկարատեւ գործընթացի սկիզբն է միայն»:

Բարաք Օբամայից բացի, Մուբարաքի հրաժարականը ողջունեել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Գերմանիայի Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Կեմերոնը:

«Այժմ Եգիպտոսն իրոք բացառիկ մի հնարավորություն ունի`ձեւավորել այնպիսի կառավարություն, որը կմիավորի երկիրը: Եվ մենք որպես Եգիպտոսի եւ եգիպտոսցի ժողովրդի բարեկամ` պատրաստ ենք օժանդակել`օգտագործելով մեր ունեցած բոլոր հնարավորությունները», - ասել է Կեմերոնը:

Եգիպտոսի սահմանադրության համաձայն, երկրի ղեկավարի հրաժարականի դեպքում արտահերթ նախագահական ընտրությունները կազմակերպվում են 60 օրվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG