Մատչելիության հղումներ

Կոալիցիայի ղեկավարների ծրագրված հանդիպումը չի կայանա


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների հանդիպում նախագահի նստավայրում այսօր չի կայանա:

Այդ հանդիպումը որեւէ այլ վայրում եւս չի կայանա: Նման տեղեկություն «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Ըստ կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների, հիշեցնենք` այսօր այդպիսի հանդիպում ծրագրված էր, եւ կուսակցությունները պետք է ներկայացնեին իրենց տեսակետները` արդյո՞ք կողմ են համագործակցությունը հետագայում եւս` նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո էլ շարունակելու գաղափարին:

Նախաձեռնության մասին խոսում են Հանրապետականի, «Օրինաց երկիր»-ի ներկայացուցիչները, սակայն լռում է «Բարգավաճ Հայաստան»-ը:

Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանը («Բարգավաճ Հայաստան») ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ շաբաթվա սկզբին տեղի ունեցած հանդիպման ժամանակ կոալիցիոն գործընկերները համագործակցությունն ամրապնդելու նոր նախաձեռնություն «Բարգավաճ Հայաստան»-ին չեն ներկայացրել:

«Տեղեկություն չունեմ: Կա համաձայնագիր կոալիցիոն կուսակցությունների կողմից ստորագրված, եւ այդ համաձայնագրով աշխատում ենք: Կոալիցիան հանդիպեց Ազգային ժողովի աշխատանքներից առաջ, ուղղակի քննարկել են այն նախագծերը… հիմնականում Ընտրական օրենսգրքի հետ կապված», - ասաց Բալասանյանը:

Մինչդեռ «Օրինաց երկիր»-ի փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հաստատեց, որ կոալիցիոն գործընկերների հանդիպմանը համագործակցությունը շարունակելու առաջարկ եղել է, եւ այն, Բիշարյանի փոխանցմամբ, արել է նախագահ Սերժ Սարգսյանը:

«Օրինաց երկիր» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Հովհաննես Մարգարյանը փոխանցեց մանրամասները. - «Երկու հարց էր դրված. ապագայում ավելի հստակեցնելով փոխադարձ վստահությունը, համագործակցությունը, ավելի խորացնել համագործակցությունը մեր կոալիցիոն գործընկերների հետ: Հստակ շեշտադրում էր կատարվել: Առաջինը սա, եւ երկրորդը, ամբողջ երկիրն էր խոսում այդ մասին` ժամանակ տրվեց, որ ուրբաթ օրը, այսինքն` այսօր կոալիցիոն քաղաքական ուժերը անդրադառնան այդ տեքստին, որտեղ խոսվում էր նաեւ, որ 2013 թվականի նախագահական ընտրություններում կոալիցիան հանդես գա իր թեկնածուով` հանձինս երկրի նախագահ Սերժ Սարգսյանի»:

Այս օրերին ակտիվորեն քննարկվում է` կմնա՞ ԲՀԿ-ն կոալիցիայում, թե՞ ոչ, քանի որ համաձայն չէ երկարաժամկետ համագործակցության ծրագրեր կազմել:

«Չկա այդպիսի բան այս պահին: Մենք աշխատում ենք մեր կոալիցիոն գործընկերների հետ: Ինչ-որ կարծիքներ են հայտնում մեր կոալիցիոն գործընկերներից ոմանք: Դա երեւի իրենց անձնական կարծիքն է, պաշտոնական դիրքորոշում չէ, որովհետեւ պաշտոնական դա կարող է արվել, ասենք, առաջին դեմքերի կամ երկրորդ դեմքերի մակարդակով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բալասանյանը:

Ի պատասխան հարցին, թե հնարավո՞ր է, որ «Բարգավաճ Հայաստան»-ի` վաղը կայանալիք համագումարում հայտարարեն նախագահական ընտրություններում իրենց ծրագրերի մասին, կուսակցության փոխնախագահը խորհուրդ տվեց վաղվա համագումարից սենսացիաներ չսպասել` նախագահի նախընտրելի թեկնածուի անունը վաղը չի հնչի:

Դիտարկմանը, թե կոալիցայի անդամ մյուս երկու կուսակցություններն արդեն հայտարարել են 2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, եւ հարցին, թե ինչպիսին է իրենց կուսակցության կողմնորոշումը, Բալասանյանը արձագանքեց. - «Դա իմ կարծիքն է` կան խորհրդարանական ընտրություններ, դրա արդյունքում համապատասխան ձեւավորված խճանկար Ազգային ժողովում… Շուտ է այդ մասին խոսելը»:

Հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ի` ընտրություններից բավական երկար ժամանակ առաջ համագործակցության մասին նման առաջարկը չի նշանակում, որ նախագահի գլխավորած կուսակցությունը չի վստահում իր գործընկերներին, Հեղինե Բիշարյանը պատասխանեց. - «Իհարկե վստահում է: Կան ուղղակի սկզբունքները, հետագա ճանապարհները ավելի հստակեցնելու, ավելի պարզեցնելու խնդիր»:

Կոալիցիայից մոտ երկու տարի առաջ դուրս եկած Հայ Յեղափոխական Դաշնակցության պատգամավորները նշեցին, որ իշխանությունների կողմից համագործակցության առաջարկ չեն ստացել, իսկ եթե ստանան, կմերժեն:

«Չի լինելու որեւէ կոալիցիոն համաձայնություն ներկա իշխանությունների հետ», - հայտարարեց Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ):

Ընտրություններին նախապատրաստվում է նաեւ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը, որը հանդես է գալու ընդդիմության դաշտում ուժերը միավորելու նախաձեռնություններով: «Մենք չենք ասում` եկեք մեզ միացեք, ասում ենք` եկեք միավորենք բոլորիս ուժերը», - նշեց «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:37 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG