Մատչելիության հղումներ

Բագրատ Ասատրյանը անարդյունավետ է համարում ԿԲ-ի քայլերը գնաճի զսպման դեմ


ՀՀ Կենտրոնական բանկ
ՀՀ Կենտրոնական բանկ
Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը գնաճը զսպելուն ուղղված Կենտրոնական բանկի քայլերի արդյունավետությունը ցածր է համարում:

Այս հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ գնաճը կազմել է 10.6 տոկոս:

«Իհարկե, գնաճի զսպումը Կենտրոնական բանկի գլխավոր խնդիրն է, բայց միայն Կենտրոնական բանկը չէ, որ այստեղ անելիք ունի», - ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ասատրյանը եւ հավելեց. - «Այլ մարմինները, եւ մասնավորապես գործադիր իշխանությունը այս առումով ոչինչ չի արել, անգամ հակառակը` գործողությունները նպաստում էին գնաճային ճնշումների ավելացմանը»:

Հիշեցնենք, որ այս երկուշաբթի` փետրվարի 7-ին խոսելով գնաճի զսպմանն ուղղված Կենտրոնական բանկի քայլերի մասին` ԿԲ-ի Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը նշեց, թե ձեռնարկվելու են ավելի խիստ միջոցառումներ: Մասնավորապես, դրամավարկային պայմանները կկոշտացվեն, պետական պատկան այլ մարմինների կողմից ավելի խիստ վերահսկողություն կիրականացվի առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գնագոյացման վրա, իսկ գյուղատնտեսությունում ձեռնարկված համալիր բնույթի քայլերը ի վերջո կհանգեցնեն գյուղմթերքների արտադրության աճին, որն նույնպես կնպաստի գների իջեցմանը: Ստեփանյանի կանխատեսումներով` պետության ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2011 թվականի երկորոդ կեսից գնաճը կսկսի մեղմվել:

Արդեն հաջորդ օրը` փետրվարի 8-ին ԿԲ-ի խորհուրդը որոշեց 0.5 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7.75 տոկոս: Նշենք, որ վարկերի թանկացումը սովորաբար հանգեցնում է նրան, որ մարդիկ ավելի քիչ են վարկեր վերցնում: Հետեւաբար` տնտեսության ակտիվությունը իջնում է, ինչն էլ նպաստում է, որ իջնի նաեւ գնաճը:

Այդուհանդերձ, ըստ Բագրատ Ասատրյանի, Հայաստանում գնաճի դեմ պայքարելու գործում ԿԲ-ի ձեռնարկած քայլերը հաճախ արդյունք չեն տալիս կամ քիչ արդյունք են տալիս, որովհետեւ երկրում գների թանկացումը տեղի է ունենում ոչ թե շուկայական զարգացումների արդյունքում, այլ պարզապես մոնոպոլիստների պայմանավորվածության հետեւանք է: Այս պարագայում, ըստ նրա, ինչքան էլ Կենտորանական բանկը թանկացնի փողը, միեւնույն է այն քիչ ազդեցություն է ունենում գնաճի վրա:

Տնտեսագետ Սամվել Ավագյանն էլ կարծում է, որ ԿԲ-ի քաղաքականության եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունների միջեւ հակասություն կա: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա հիշեցրեց, որ բոլորովին վերջերս Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Սարգսյանը խոսում էր, թե Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար որքան անհրաժեշտ է վարկերի մատչելիությունը:

Հունվարի 13-ին` այս տարի կառավարության առաջին նիստի ժամանակ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես ասել էր, թե ընթացիկ տարում փոքր ու միջին բիզնեսի ոլորտում նախատեսվում է 5-6 տոկոս աճ, եւ այդ առումով 2011թվականը բացառիկ տարի է լինելու։ Վարչապետն այդ ժամանակ նշել էր, թե բանկերում վարկային ռեսուրսների տոկոսադրույքները 2-3 տոկոսով նվազել են, մեծացել է վարկերի ծավալը։

«Վարչապետը հայտարարեց, թե մեր շուկայում առաջիկայում պետք է տեղի ունենա տոկոսադրույքների նվազում: Նա նկատի ուներ առեւտրային բանկերի կողմից տրվող վարկային տոկոսադրույքները, որն իր հերթին պետք է նպաստի տնտեսության զարգացմանն ու աշխուժացմանը: Իսկ Կենտրոնական բանկի քայլը հակընդդեմ է վարչապետի հայտարարություններին ու Կառավարության ցանկություններին, որովհետեւ թանկացնելով փողը, Կենտրոնական բանկը պետք է դրանով ազդի տոկոսադրույքների աճի վրա», - ասաց Սամվել Ավագյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:30 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG