Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորները քննադատեցին Հանրային հեռուստաընկերության աշխատաոճը


Հինգշաբթի օրը Ազգային ժողովում Հանրային հեռուտաընկերության աշխատաոճը քննադատեցին ընդդիմադիր պատգամավորները, երբ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը ԱԺ-ին էր ներկայացնում 2009 թվականի հաշվետվությունը:

«Ժառանգություն» խմբակցությունից Անահիտ Բախշյանը, մասնավորապես, հարցրեց. - «Ինչո՞ւ Հանրային հեռուստաընկերությունը օպերատիվ չի արձագանքում մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին այնպես, որ հասարակությունը հասկանա, թե ի՞նչ է կատարվում, ո՞րն է բամբասանք, ո՞րն է իրականություն»:

Պատգամավորը վկայակոչեց Երեւանի քաղաքապետի պաշտոնից Գագիկ Բեգլարյանին ազատելու վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը: Նա նաեւ ուշադրություն հրավիրեց Արդարադատության նախարարի պաշտոնից Գեւորգ Դանիելյանին ազատելու մասին պաշտոնական լրատվությանը, որտեղ շոշափվել էր նաեւ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետի անունը, եւ փորձեց հասկանալ, թե, մասնավորապես, այս դեպքերում Հանրային հեռուստաընկերությունը ինչո՞ւ հանրությանը չի տալիս անհրաժեշտ տեղեկատվություն:

«Ամեն տեղ ասվում էր, դուք «Հայլուր»-ով էլ ասացիք` ԴԱՀԿ-ի պետի ոչ պատշաճ վարքագիծ եւ այլն: Դե՛ ասեիք, տեսնեինք, այդ ի՞նչ վարքագիծ էր, ի՞նչ էր արել այդ մարդը, ո՞ւմ էր ծեծել, ի՞նչ էր եղել: Նույնը քաղաքապետի հետ կապված: Դուք միշտ հետեւանքն եք ասում, օպերատիվ լրատվություն չեք անում»:

Ալեքսան Հարությունյանը նախընտրեց պատասխանել հետեւյալ կերպ. - «Երբեմն օպերատիվ եւ չստուգված տվյալներ տալը ավելի վատ հետեւանքներ է ունենում, քան, ասենք, հետո հերքելը: Եթե դուք նկատել եք, շատ անգամ օպերատիվ ասված բանը էլեկտրոնային կայքերում կամ թերթերում, հանգեցնում է դատական քաշքշուկների, եւ ավելի շատ հերքումներ են լինում, քան լուրեր: Իհարկե, հաշվի առնելով, որ «Հայլուր»-ով ամեն ասված խոսք կարող է նաեւ ավելի մեծ հետեւանքներ ունենալ, քան էլեկտրոնային կայքերում ասվածը, մենք մի փոքր ավելի զգուշավոր ենք»:

Անահիտ Բախշյանը ի պատասխան ասաց, թե ի տարբերություն Ազգային ժողովի երեք պատգամավորների պահանջով տուգանված «Հայկական ժամանակ»-ի, Հանրային հեռուստաընկերությանը նման հեռանկար չի սպասվում:

«Ինչ վերաբերում է լուրերը օպերատիվ ներկայացնելուն կամ արձագանքելուն, ապա խոսքը չհաստատված [տեղեկատվության] մասին չէ»:

Հանրայինի գործելակերպից դժգոհեց նաեւ Լիլիթ Գալստյանը (ՀՅԴ): Պատգամավորը մեջբերեց օրենքով հեռուստաընկերության գործունեությունը համակարգող դրույթները եւ դրանք համադրեց իրական պատկերի հետ:

«Հանրայինի ծրագրի պարզ ընթերցումն իսկ բացահայտում է, որ հեռուստաընկերությունը չի իրականացրել օրենքով իր վրա դրված պարտականությունը եւ հնարավոր հաղորդաշարերի եւ հաղորդումների տեսակների տեսքով չի ապահովել հեռարձակվող հաղորդումների թեմատիկ բովանդակային բազմազանությունը», - ասաց Գալստյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG