Մատչելիության հղումներ

Ընդդիմության միավորումը «անհրաժեշտ է», բայց «քիչ հավանական»


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմության միավորումը համարում է «անհրաժեշտ, բայց ներկա դրությամբ` քիչ հավանական»:

«Եթե դա անհնար լինի, «Ժառանգություն»-ը պիտի, իհարկե, նաեւ իր այլընտրանքը ներկայացնի թե' խորհրդարանական, թե' նախագահական ընտրություններում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեքշաբթի օրը ասաց Հովհաննիսյանը` շարունակելով. - «Երկրորդական հարց է, թե ով է լինելու թեկնածուն կամ առաջին դեմքը: Բայց մեզ համար էական է քաղաքական արդյունքը»:

Հովհաննիսյանի համոզմամբ, եթե նախորդ խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը կարողանար միավորվել` ինչպես առաջարկում էր «Ժառանգություն»-ը, այժմ մեծամասնություն կունենար խորհրդարանում:

Ապագայում «Ժառանգություն»-ը, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, չի զլանա միասնական ուժերով հանդես գալու առաջարկ անել քաղաքական ուժերին, այդ թվում` Հայ ազգային կոնգրեսին. - «Իմ անունից տեւապես բոլոր ընդդիմադիր կազմավորումների նկատմամբ եղել են նախաձեռնող քայլեր»:

Նա ասաց, թե պարտադիչ չէ, որ հաջորդ նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուն լինի «Ժառանգության» ներկայացուցիչը` կրկնելով, որ իրենց համար արդյունքն է կարեւոր:

Հովհաննիսյանն ասաց, որ իր ղեկավարած կուսակցությունը այժմ գտնվում է «ակտիվ կազմակերպչական շրջանում»:

«Պատրանք չենք տածում: Քաղաքական որեւէ ուժ առանձին վերցրած էական տրանսֆորմատիվ արդյունքի չի հասնի` եթե իր հետ չգա հասարակությունը… Մենք պետք է փոխենք երկիրը», - ասաց նա` հավելելով. - «Անհնար է այս ցանկալի փոփոխությունը կատարել միայնակ»:

Հարցին, թե ինչպես է վերաբերում երկպալատ (որտեղ կլինեն նաեւ Սփյուռքի ներկայացուցիչներ) խորհրդարան ստեղծելու գաղափարին, Րաֆֆի Հովհաննիսյանը արձագանքեց. - «Չեմ ուզում բացառել այս գեղեցիկ հնչող, մեր ազգի միասնությանը միտված գաղափարը, բայց պետք է նաեւ միաժամանակ ասել, որ քանի դեռ Հայաստանը արդեն գրեթե 20 տարի իր հանրապետական տարածքներում մի հատ նորմալ` ազատ, արդար ընտրություն չի կատարել, այդ պառակտիչ արատը տարածել նաեւ Սփյուռքի վրա` կլինի ավերիչ»:

«Չէի ուզում հավատալ, թեեւ չի կարելի բացառել, որ նաեւ այս առաջարկի միջոցով կա ցանկությում, որ Սփյուռքին ոչ միայն մասնակից, այլեւ մեղսակից դարձնել Հայաստանի` պարբերաբար գլուխ բարձրացնող հակազգային, հակապետական, հակաքաղաքացիական եւ հակաիրավական գործողություններին», - եզրափակեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG