Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը «կենթարկվի» կուսակցության պահանջին


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ եթե կուսակցությունը (ՀՀԿ) որոշի, որ ինքը պետք է հրաժարական տա, «կենթարկվի կուսակցության պահանջին»` շտապելով հավելել, որ «նման պահանջ դեռեւս չկա»:

«Կարեւորը` Սերժ Սարգսյանի մասով բացառում ենք: Ազգային ժողովի նախագահի մասով` հնարավոր է: Որովհետեւ Սերժ Սարգսյանին փոխարինող դեռ չկա, ես չեմ տեսնում», - լրագրողներին ասել է Աբրահամյանը` հավելելով, որ երկրի նախագահի հետ տարաձայնություններ չունի, չի էլ ունեցել:

Դիտարկմանը, թե տեւական ժամանակ է չի կրում ՀՀԿ-ի շքանշանը, Աբրահամյանը արձագանքեց. - «Ես հոգով եմ ՀՀԿ-ական, ոչ թե նշանով»:

Անդրադառնալով սպասվող խորհրդարանական ընտրություններին` Ազգային ժողովի նախագահը ասաց, թե միակ ռեալ ուժը, որ կարող է մեծամասնություն կազմել ապագա խորհրդարանում, ՀՀԿ-ն է: Իսկ նախագահական ընտրություններում հաղթելու «շանսերը Սերժ Սարգսյանինն են»:

Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ ընդգծեց իր քաղաքական կողմնորոշումը ՀՀԿ-ին հավատարիմ մնալու մասով, նաեւ` Սերժ Սարգսյանին հավատարիմ մնալու իր պատրաստակամությունը` թերեւս ցանկանալով հերքել վերջերս մամուլում շրջանառվող լուրերը, թե չի բացառվում, որ խորհրդարանի խոսնակը լքի Հանրապետականն ու 2013-ին մասնակցի նախագահական ընտրություններին` իբրեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու:

«Ես մեկ դիրքորոշում ունեմ, որը շատ հստակ է», - հայտարարեց նա:

Աբրահամյանը հավելեց, որ 2013-ին ՀՀԿ-ի թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանը:

Իսկ եթե այնպես ստացվի, որ ե'ւ Սերժ Սարգսյանը, ե'ւ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը առաջադրեն իրենց թեկնածությունը, Հովիկ Աբրահամյանը կսատարի Սերժ Սարգսյանին, թեեւ` խնամիական կապեր ունի Ծառուկյանի հետ: Ավելին` նա համոզմունք հայտնեց, որ առաջիկայում «Բարգավաճ Հայաստան»-ը կհայտարարի («Եվ դա է ճիշտը»), որ սպասվող նախագահական ընտրություններում սատարելու է գործող նախագահին:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե կառավարությունը Ազգային ժողովում անցկացնում է ցանկացած օրինագիծ, Աբրահամյանը կոշտ արձագանքեց. - «Եթե որեւէ մեկը` դա կլինի կառավարության անդամ, դա կլինի վարչապետը, հայտարարի, որ ինքը կարող է թելադրել Ազգային ժողովին, ինքը կարող է երազախաբ լինի»:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե սպառված են արդյոք կալանավայրերում գտնվող ընդդիմության ներակայացուցիչներին ազատ արձակելու հնարավորությունները, խորհրդարանի խոսնակը արձագանքեց. - «Ոչ... Ես գտնում եմ, որ Հանրապետության նախագահը գնաց ընդառաջ, եւ բոլոր մարդիկ, ովքեր դիմեցին… ազատ արձակվեցին: Այդ գործընթացը կարող է լինել շարունակական: Ես կողմնակից եմ, որ դա լինի շարունակական, բայց` ոչ հանցագործները»:

Հովիկ Աբրահամյանը հնարավոր չհամարեց մինչեւ հաջորդ խորհրդարանի ընտրությունները երկպալատ խորհրդարանի ստեղծումը:

please wait

No media source currently available

0:00 0:05:36 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG