Մատչելիության հղումներ

ԿԲ-ի կանխատեսմամբ` թանկացումների բարձր տեմպը կշարունակվի


Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը:

Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) կանխատեսման, այս տարվա առաջին վեց ամիսներին թանկացումների բարձր տեմպը շարունակվելու է:

Երկուշաբթի օրը լրագրողներին ներկայացված` 2011 թվականի առաջին եռամսյակին վերաբերող Կենտրոնական բանկի «Դրամավարկային քաղաքականության ծրագրի» համաձայն, գնաճի միջին ցուցանիշը 2011 թվականի առաջին երեք ամիսների համար կանխատեսվում է գրեթե 10%, իսկ երկրորդ եռամսյակում` 9.5%:

Այսինքն` այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գները երկրում կաճեն մոտ 10%-ով:

Լրագրողների հետ հանդիպմանը Կենտրոնական բանկի Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը նման բարձր գնաճը բացատրեց, մասնավորապես, դեռեւս անցած տարվանից փոխանցված գյուղատնտեսական ապրանքների գների աննախադեպ բարձր աճով եւ հիմնական պարենային ու հումքային ապրանքների միջազգային գների բարձրացմամբ:

Սակայն, ըստ Ստեփանյանի, Կենտրոնական բանկի, կառավարության ու պատկան այլ մարմինների ձեռնարկած ավելի խիստ գործողությունների արդյունքում ակնկալվում է, որ տարվա երկրորդ կեսին գնաճը կսկսի իջնել ու ի վերջո` տարվա կտրվածքով կտատանվի 5.5%-7.5%-ի միջեւ:

«Միջազգային շատ կառույցներ նշում են, որ մենք դեռեւս մոտակա 1-2 ամիսներին ունենալու ենք միջազգային գների որոշակի աճ, ինչը թույլ չի տալու մոտակա մի քանի ամիսներին գնաճը նվազեցնել: Այսինքն` մենք մոտակա մի քանի ամիսներին բոլոր դեպքերում կպահպանենք բարձր գնաճային միջավայրը», - ասաց նա` ընդգծելով նաեւ, որ ընթացիկ տարվա առաջին կիսմայակի բարձր գնաճի մեջ հաշվարկված չեն ապրիլի 1-ից գազի գների հնարավոր բարձրացման հետեւանքները:

Ստեփանյանի խոսքով, եթե գազի գները Հայաստանի սպառողների համար բարձրանան, ապա գնաճն ավելի բարձր կլինի. - «Եթե լինի պաշտոնական հայտարարություն, որ ապրիլի 1-ից x չափով բարձրանում է սակագինը, կփոխենք մեր կանխատեսումը եւ… լրացուցիչ գնաճը կներառենք մեր կանխատեսումների մեջ»:

Հիշեցնենք, հունվարի կեսերին գերմանական «Շպիգել» հանդեսին տված հացրացրույցում ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարե, էր` Հայաստանին գազ է մատակարարվելու շուկայական գներով:

Հիշեցնենք նաեւ, որ 2010 թվականի ապրիլի 1-ից «ՀայՌուսգազարդ» ընկերությունը, որի բաժնետոմսերի մոտ 80%-ը պատկանում է նույն «Գազպրոմ»-ին, բնակչության համար գազի սակագնի բարձրացրեց 37.5%-ով, իսկ ընկերությունների համար՝ 13%-ով:

Ինչեւէ, խոսելով գնաճի զսպմանը միտված քայլերի մասին` Արթուր Ստեփանյանը մասնավորեցրեց. - «Պատկան այլ մարմինների կողմից ավելի խիստ վերահսկողություն է իրականացվելու առաջին անհրաժեշտության ապրանքների, ծառայություների գնագոյացման վրա»:

«Այս գործողությունների արդյունքները ակնառու են լինելու, եւ մենք բոլոր դեպքերում համոզմունք ունենք, որ կկարողանանք գնաճը նվազեցնել, կառավարելի մակարդակում պահպանել», - հավաստիացրեց պաշտոնյան:

Հարց հնչեց` անցած տարի էլ Արթուր Ստեփանյանը կանխատեսում էր համեմատաբար ցածր գնաճ, սակայն այդ կանխատեսումը չիրականացավ եւ գրանցվեց բավականին բարձր գնաճ:

Արթուր Ստեփանյանը պատասխանեց, թե կան գործոններ, որոնք Կենտրոնական բանկի ազդեցությունից դուրս են. - «Պարենային ապրանքների միջազգային գների այդպիսի աճը, մեր ներքին շուկայում գյուղատնտեսության անկման պատճառով առաջարկի կտրուկ նվազումը… Ինչո՞վ ենք ապահովագրված, որ նման բաներ տեղի չեն ունենա 2011 թվականի ընթացքում: Իհարկե, ապահովագրված չենք: Որեւէ մեկը ապահովագրված չէ, որ աշխարհում կարող են 25-30 տոկոսով պարենի գներ աճել»:

please wait

No media source currently available

0:00 0:04:32 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG