Մատչելիության հղումներ

Ցուցարարները չեն լքում Թահրիր հրապարակը


Ընդդիմադիրների խմբերը մնում են մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակում` չնայած կառավարության եւ ընդդիմության միջեւ ընթացող բանակցություններին։

Եգիպտական ընդդիմության առավել արմատական հատվածը շարունակում է պահանջել նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը։ Սակայն բողոքի ակցիաների ալիքը նվազել է։

Արդեն ոչ միայն իշխանությունները, այլեւ ընդդիմադիր որոշ շրջանակներ պնդում են, որ երկու շաբաթ անընդմեջ տեղի ունեցող ցույցերի շարունակությունը վնաս է հասցնում ամբողջ երկրին, բանկային համակարգը կաթվածահար է, խիստ տուժել է Եգիպտոսի եկամուտների հիմնական աղբյուրներից մեկը` զբոսաշրջությունը, իսկ վերաբացված խանութներում ու շուկաներում պարենի պակաս կա։

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին տնօրեն, եգիպտական ընդդիմության առաջնորդներից Մոհամադ Էլ-Բարադեյը չի մասնակցել բանակցություններին։ Վարչակազմի հետ երեկ երկխոսության մեջ է մտել Եգիպտոսում արգելված, սակայն միլիոնավար մարկանց աջակցությունը վայելող Մահմեդական եղբայրություն խմբակցությունը:

Վարչակազմը հավատացնում է, որ Հոսնի Մուբարաքը, որի պաշտոնավարման ժամկետը սպառվում է այս տարվա սեպտեմբերին` այլեւս չի առաջադրվի։ Ընդդիմադիր բանագնացներն ասել են, որ կառավարության կողմից տրվող խոստումները բավարար չեն։

Կողմերը բանակցում են ընտրական համակարգի բարելավման, նախագահի պաշտոնավարումը երկու ժամկետով սահմանափակելու եւ դեմոկրատական այլ բարեփոխումների շուրջ։

Իշխանությունների փոխանցմամբ, Մուբարաքը մինչեւ սեպտեմբեր զբաղվելու է իշխանությունը հաջորդ վարչակազմին առանց ցնցումների փոխանցելու գործով։

Ամենաթեղ ընդվզումների օրերին վերլուծաբանների մի մասը նախազգուշացրել է, որ հնարավոր է զարգացման երկու տարբերակ` կամ Մուբարաքը վիճակը կայունացնելու համար կդիմի ուժային միջողների եւ էլ ավելի սահմանափակի մարդկանց` առանց այն էլ ոտնահարված իրավունքները, կամ նա գահնկեց կարվի, եւ իշխանությունը կզավթեն արմատական իսլամիստները։

Երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե դա չէ կարեւոր Վաշինգթոնի համար։

«Այն, ինչ ես եմ ցանկանում տեսնել Եգիպտոսում` ժողովրդավարական կառավարությունն է, եւ ես համոզված եմ, որ եթե Եգիպտոսը շարժվի իշխանափոխության օրինական ուղիով, ապա այնտեղ կձեւավորվի կառավարություն, որի հետ մենք կհամագործակցնեք»,- ասել է Բարաք Օբաման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG