Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզան ժամանեց Ադրբեջան


Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան ժամանում է Բաքու, 6-ը փետրվարի, 2011թ.
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան ժամանում է Բաքու, 6-ը փետրվարի, 2011թ.
«Ինձ համար մեծ պատիվ է վերադառնալ Բաքու որպես Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան։ Ինձ համար նաեւ պատիվ կլինի իմ հավատարմագրի հանձնումը նախագահ Իլհամ Ալիեւին։ Ես ափսոսում են, որ դեսպանի սպասումը ձգձգվեց այսքան երկար։ Բայց ինչպես ասում են, ավելի լավ է ուշ, քան երբեք», - ժամանելով Բաքու` ասել է Մեթյու Բրազան։

Նա կիրակի օրն է ժամանել Ադրբեջան: Բաքվի օդանավակայանում լրագրողների հետ կարճ ճեպազրույցում Մեթյու Բրայզան չի թաքցրել իր ուրախությունը` ասելով. - «Իմ ընտանիքը եւ ես շատ ուրախ ենք այստեղ գտնվելու համար։ Մենք անհամբերությամբ ենք սպասում մեր երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը, համագործակցության խորացմանը, ժողովրդավարական ինստիտուտների բարգավաճմանը ու զարգացմանը»։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման 2010 թվականի դեկտեմբերի 29-ին Մեթյու Բրայզային նշանակեց Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան՝ շրջանցելով Սենատը։ Միաժամանակ, նա նորից է առաջադրել Բրայզայի թեկնածությունը Սենատին` հաստատելու համար։

Առանց Սենատի հաստատման Բրայզան կարող է դեսպան աշխատել որոշակի ժամանակահատվածում, մինչեւ Կոնգրեսի հաջորդ նստաշրջանի ավարտը` 2011-ի նոյեմբերի կամ դեկտեմբերի վերջը։

Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Էնն Դերսիի լիազորությունները ավարտվել էին 2009 թվականին, եւ նա հեռացել էր Բաքվից։

ԱՄՆ-ի նախագահ Օբաման առաջադրել էր Բրայզայի թեկնածությունը, բայց ամերիկահայ կազմակերպությունները արշավ էին սկսել նրա նշանակման դեմ, գտնելով, որ նա չի կարող անկողմնակալ լինել` հաշվի առնելով նրա նախկին գործունեության ընթացքում Հայոց ցեղասպանության եւ Ղարաբաղի վերաբերյալ դիրքորոշումն ու հայտարարությունները։

Հայամետ կոնգրեսականներ Բարբարա Բոքսերն ու Ռոբերտ Մենենդեսը առկախել էին նրա հաստատումը։

Մեթյու Բրայզան 2005 թվականին նշանակվել էր փոխպետքարտուղարի օգնական եվրոպական ու եվրասիական հարցերով։ 2006-2009 թվականներին նա ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբում ամերիկացի համանախագահն էր։

Վաշինգտոնում Հայ դատի գրասենյակի պատասխանատուները «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում արդեն հայտարարել էին, որ շարունակելու են պայքարը Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան նշանակելու դեմ, նորից արշավ սկսելով, որ Սենատը չհաստատի նրան այդ պաշտոնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG