Մատչելիության հղումներ

Թուրքական կուսակցությունները խորհրդարանական ընտրություններում հայ թեկնածուներ են առաջադրում


Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ թուրքական կուսակցությունները պատգամավորության թեկնածու են առաջադրում նաեւ հայկական համայնքի երեւելի ներկայացուցիչներին:

Hurriyet Daily News պարբերականի փոխանցմամբ, վերջին 50 տարիների ընթացքում առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել, որ հայ համայնքը ներկայացված լինի թուրքական խորհրդարանում:

«Նախկինում հայերը, որպես կանոն, խուսանավում եւ չէին մասնակցում Թուրքիայի ներքին քաղաքականությանը՝ համատեղ անցյալի ցավոտ իրադարձությունների պատճառով», - Hurriyet Daily News-ին ասել է առաջադրված թեկնածուներից մեկը՝ Արեւ Ջեբեջին:

Նրա խոսքով, տասնամյակներ շարունակ գործող այս ավանդույթը փոխվել է «Ակոս» թերթի հայ խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո:

«Դա շրջադարձային պահ դարձավ մեզ համար. ճիշտ է, հայերի մի մասը առավել գաղտնապահ դարձավ մտավախությամբ, որ այս երկրում կարող ես սպանվել խոսքերիդ համար, սակայն շատ ավելի մեծ էր այն հայերի թիվը, որոնք սկսեցին խոսել եւ պաշտպանել իրենց իրավունքները», – ասել է Ջեբեջին` ով առաջադրվել է Թուրքիայի հիմնական ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ Ժողովրդահանրապետականի կողմից։

«Ես հայ եմ, եւ եթե ընտրվեմ, անշուշտ, վեր կհանեմ իմ համայնքի խնդիրները, սակայն ես նաեւ այս հասարակության մասն եմ, եւ ուզում եմ ներկայացնել ողջ երկիրը: Իմ թեկնածությունը յուրօրինակ մարտահրավեր է, ես ուզում եմ, որ մարդիկ հավատարիմ մնան իրենց խոստումներին», – ասել է հայազգի թեկնծուն:

Ընդհանուր առմամբ, Hurriyet Daily News-ի տեղեկություններով, առաջիկա ընտրություններին Ստամբուլի հայկական համայնքից 7 թեկնածու է մասնակցելու: Նրանցից 6-ին առաջադրել են տարբեր քաղաքական ուժեր, մեկը փորձում է խորհրդարան անցնել որպես անկախ թեկնածու։

«Հաղթանակի հասնելու դեպքում նրանք կդառնան թուրքական խորհրդարան անցած առաջին հայերը՝1960-ականներից ի վեր»,– Hurriyet Daily News-ին ասել է ազգային փոքրամասնությունների հարցերով փորձագետ Այհան Ակթարը։

«Մեր համայնքը, ցավոք, անգամ տեղյակ չէ իր իրավունքներից, որոնք տրվել են Լոզանի պայմանագրով: Հայերը տարիներ շարունակ վախեցել են ինչ–որ բան փոխել ստեղծված իրավիճակում՝ նոր խնդիրներ առաջ չբերելու մտավախությամբ, սակայն, ես չեմ կարծում, որ դա ճիշտ քաղաքականություն է», - ասել է Արեւ Ջեբեջին ու հավելել, որ այժմ Թուրքիան ձգտում է դառնալ Եվրամիության անդամ, եւ հայկական համայնքը կարող է օգտագործել այդ հանգամանքը՝ իր բողոքներն ու դժգոհությունները արտահայտելու եւ դրանց լուծումը գտնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG