Մատչելիության հղումներ

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը մտահոգված է դրամաշորթության մեջ մեղադրվող հրամանատարի գործի կարճմամբ


Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյան
Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյան
Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում մտահոգություն հայտնեց Վազգեն Սարգսյանի անվան զորամասի գումարտակի նախկին հրամանատար Վարդան Մարտիրոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճելու կապակցությամբ:

«Ռոժ» մականունով հայտնի այս բարձրաստիճան զինվորականը, ըստ մեղադրանքի, ստիպել էր պայմանագրային զինծառայողներին տարբեր բանկերից վարկեր վերցնել եւ գումարները իրեն փոխանցել: Հարուցվել էր քրեական գործ, բայց պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը անսպասելիորեն կարճեց այն` գործուն զղջման հիմքով:

Ազգային ժողովի պաշտպանության եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը սա անընդունելի է համարում:

«Այդպես որ լինի` յուրաքանչյուր հանցագործ կարող է զղջալ եւ պատասխանատվությունից ազատվել: Դա պատճառաբանություն չէ», - հայտարարեց Կարապետյանը:

Նա նաեւ զարմանալի համարեց այն հանգամանքը, որ դատարանը հենց սկզբից մերժեց զինվորներից ստիպողաբար գումարներ հավաքելու մեջ մեղադրվող հրամանատարին կալանավորելու` դատախազի միջնորդությունը:

«Սա աննախադեպ բան էր: Հստակ է, որ տեղի է ունեցել հանցագործություն, եւ հանկարծ որոշվում է, որ այս մարդկանց գրավի դիմաց պետք է ազատ արձակել: Եթե այդպես է, ինչո՞ւ չեն հասարակ քաղաքացիների վրա տարածվում այդպիսի արտոնություններ», - հարցնում է Հրայր Կարապետյանը:

Ազգային ժողովի պաշտպանության եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը նշեց, որ առաջիկայում պաշտպանության նախարարությունից կփորձի պարզել, թե ինչո՞ւ հանցագործություն կատարված անձը պատասխանատվության չի ենթարկվում միայն այն պատճառաբանությամբ, թե իբր զղջացել է:

Պաշտպանության նախարարությունից առայժմ չի հաջողվել ճշտել, թե արդյո՞ք Վազգեն Սարգսյանի անվան զորամասի գումարտակի նախկին հրամանատար Վարդան Մարտիրոսյանը ու նույն հանցանքի մեջ մեղադրվող իր գործընկերը վերադարձրել են այն գումարները, որոնք շորթել էին զինծառայողներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG