Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները քննադատում են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը


Հայաստանյան իրավապաշտպանները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում խիստ քննադատություն են հնչեցնում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հասցեին:

«Կոռումպացվածությունը համակարգի հանդիսանում է մարդու իրավունքի խախտման պատճառներից մեկը», - ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` շարունակելով. - «Չի բարձրացվել պետական մարմինների պատասխանատվության խնդիրը` որպես իրավունքի խախտման փաստ: [Մարդու իրավունքների պաշտպանը] Չի անդրադառնում համարժեք ձեւով Պաշտպանության նախարարությունում կամ Զինված ուժերում զինծառայողների իրավունքների խախտման, մահացության դեպքերին, չի անդրադառնում նախադատաքննության իրավունքի խախտման մասսայական փաստերին, քաղբանտարկյալների հետ կապված խնդիրներին… Այսինքն` որոշակի խզում կա իրավապաշտպան կազմակերպությունների կողմից գնահատականների, գործողությունների եւ պաշտպանի ինստիտուտի գործելակերպի միջեւ»:

Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը համոզված է, որ Հայաստանի նման երկրներում օմբուդսմենի ինստիտուտ ընդհանրապես չպետք է լինի. - «Քանի որ լիազորությունները Մարդու իրավունքների պաշտպանի Հայաստանում միշտ սահմանափակ կլինեն, թույլ չեն տա աշխատել: Դրա համար անիմաստ է, որ նման պաշտոն ընդհանրապես լինի Հայաստանում»:

Գնահատելով օմբուդսմենի պաշտոնից հեռացող Արմեն Հարությունյանի 5-ամյա գործունեությունը` Դանիելյանը ասաց. - «Մարտի 1-ի դեպքերից հետո իր զեկույցը առաջին ակնթարթ թվաց մեզ շատ լուրջ, բայց հետո մենք զգացինք, որ այդքան էլ ինքը խորը չէ եւ չի տալիս իսկական պատկերը»:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արմեն Դանիելյանը համարում է, որ Հայաստանի օմբուդսմենը «իր առջեւ դրված պարտականությունները որոշակիորեն կատարում է». - «Մարդու իրավունքների պաշտպանը եթե լինի կտրուկ, սուր եւ շատ սուր հարցեր բարձրացնի, կարող է եւ բախվել այն խնդիրների հետ, որոնց բախվեց առաջին պաշտպանը (Լարիսա Ալավերդյանը). վերջում պետական կառույցները ուղղակի բոյկոտում էին պաշտպանի աշխատանքը»:

Հարցին, թե կատարեց արդյոք Արմեն Հարությունյանը իր պարտականությունները, Արմեն Դանիելյանը արձագանքեց. - «Ամեն դեպքում լուրջ կոնֆլիկտ չունեցավ իշխանությունների հետ»:

«Ճիշտն ասած` դժվարանում եմ պատկերացնել այդ իրավիճակը, որ մարդու իրավունքների պաշտպանը լինի իրապես ազատ եւ անկախ, չգնա ինչ-որ կոմպրոմիսների եւ հնարավորություն ունենա նորմալ աշխատել», - հավելեց նա` շարունակելով. - «Դա, իհարկե, միայն պաշտպանից չի կախված` ցավոք սրտի: Նաեւ` գործադիր իշխանությունից, որը շատ ցավոտ է ընդունում ցանկացած քննադատություն իր նկատմամբ»:

Ըստ օրենքի, նոր օմբուդսմենը պետք է նշանակվի նախորդի լիազորությունների դադարեցման օրվանից մեկ ամսվա ընթացքում: Արմեն Հարությունյանի հրաժարականը իրավական ուժ կստանա գալիք երկուշաբթի մեկնարկող Ազգային ժողովի քառօրյայում:

Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունը առաջադրելու իրավունքը, հիշեցնենք, վերապահված է երկրի նախագահին:

please wait

No media source currently available

0:00 0:05:14 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG