Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը աշխատանքը կսկսի ապրիլին


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի որոշմամբ վերստեղծված Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը պաշտոնապես աշխատանքը կսկսի ապրիլին, երբ նախատեսվում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունների հետ առաջին պաշտոնական շփումները: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը ասել է ենթահանձնաժողովի նախագահ Խորդի Խուկլա ի Կոստան:

Խուկլա ի Կոստան կարեւորել է իր նշանակումը այս պաշտոնում եւ հայտնել է, որ մտադիր է շատ աշխատել, առավելագույն ժամանակ հատկացնել խնդրի ուսումնասիրմանը: Նա ծրագրում է փետրվարին եւ մարտին մանրամասնորեն ուսումնասիրել իրավիճակը հակամարտության տարածաշրջանում, շփումներ հաստատել ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների, քաղաքական գործիչների եւ դեսպանների հետ:

«Այժմ ժամանակն է աշխատելու երկու կողմերի հետ` ավելի լավ հասկանալու նրանց դիրքորոշումները ենթահանձնաժողովի հետագա անաչառ աշխատանքի համար», - ասել է իսպանացի խորհրդարանականը:

«Իմ պարտականությունն է կառուցողական աշխատանքը երկու կողմերի հետ` վստահության մթնոլորտի ստեղծման եւ հետագա աշխատանքի հնարավորության համար», - ընդգծել է Խուկլա ի Կոստան:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունը դեմ էր Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերստեղծմանը, որի նախաձեռնությունը ԵԽԽՎ-ի նախագահ` ազգությամբ թուրք Մեւլութ Չավուշօղլուինն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG