Մատչելիության հղումներ

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են նոր արտասովոր մոլորակային համակարգ


Օգտագործելով NASA-ի Կեպլեր տիեզերական աստղադիտարանը` ամերիկացի աստղագետները հայտնաբերել են վեց մոլորակ, որոնք պտտվում են Արեգակի տիպի աստղի շուրջ, որն անվանվել է Կեպլեր-11 եւ գտնվում է Երկրից մոտ 2 հազար լուսատարի հեռավորության վրա:

Բոլոր մոլորակները պտտվում են համարյա նույն հարթության մեջ եւ գտնվում են աստղից փոքր հեռավորությունների վրա:

Հայկական աստղագիտական ընկերությունից ստացված հաղորդագրության համաձայն` աստղագետների համար այսպիսի համակարգի գոյությունը հայտնություն է: Առայժմ հայտնաբերված բոլոր մոլորակային համակարգերի մեջ Կեպլեր-11-ն ամենալիարժեքը եւ ամենակոմպակտն է: Չնայած արդեն հայտնի է 525 արտաարեգակնային մոլորակ, շատ քիչ աստղեր են հայտնի, որոնց մոտ հայտնաբերվել է մեկից ավելի մոլորակ, իսկ Կեպլեր-11-ն առաջին համակարգն է, որտեղ կա երեքից ավելի մոլորակ:

Բոլոր վեց մոլորակները Երկրից մեծ են, ամենամեծն իր չափերով համեմատելի է Ուրանի եւ Նեպտունի հետ: Ամենամոտ մոլորակը 10 անգամ ավելի մոտ է աստղին, քան Երկիրն Արեգակին, եւ նույնիսկ ամենահեռուն երկու անգամ ավելի մոտ է, քան Երկիրն Արեգակին:

Հնարավոր է, որ այս համակարգում հայտնաբերվեն նաեւ այլ մոլորակներ:

Կեպլեր աստղադիտարանի օգնությամբ որոնումները հատկապես ուղղված են Երկրի չափերի եւ հեղուկ ջուր ունեցող մոլորակների հայտնաբերմանը: Դիտումները կատարվում են Կարապի եւ Քնարի համաստեղություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG