Մատչելիության հղումներ

Միջոցառումներ Ռուսաստանում` նվիրված Ելցինի 80-ամյակին


Լուսանկար` ներկայացված Ելցինի 80-ամյակի կապակցությամբ Կազանում բացված ցուցահանդեսում
Լուսանկար` ներկայացված Ելցինի 80-ամյակի կապակցությամբ Կազանում բացված ցուցահանդեսում
Ռուսաստանում եւ մասնավորապես Եկատերինբուրգում փետրվարի 1-ին մեկնարկում են Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի ծննդյան 80-ամյակին նվիրված միջոցառումներ:

Հիմնական միջոցառումը Եկատերինբուրգում էր (նախկին Սվերդլովսկ), որտեղ երեքշաբթի օրը բացվել է Ելցինի հուշարձանը: Բացման արարողությանը մասնակցել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Ելցինի այրին` Նաինա Ելցինան, եւ երկու դուստրերը` Տատյանա Յումաշեւան եւ Ելենա Օկուլովան:

10-մետրանոց հուշարձանի հեղինակը Գեորգի Ֆրանգուլյանն է:

Հուշարձանի հարեւանությամբ 2013 թվականի փետրվարի 1-ին նախատեսված է բացել Ելցինի Նախագահական կենտրոնը:

Չորեքշաբթի օրը տեղի կունենա «Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի եւ արտասահմանյան երկրների ղեկավարների միջեւ նամակագրությունը» գրքի շնորհանդեսը: «Գիրքը կօգնի ավելի լավ հասկանալ ժամանակակից Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը», - նախաբանում գրել է երկրի ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Այս գրքում կա նաեւ Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում: 1997 թվականի հուլիսի 12-ին Բորիս Ելցինը նամակ է գրել իր ամերիկացի գործընկեր Բիլ Քլինթոնին, որում, մասնավորապես, ասված է. - «Գոհունակություն է առաջացնում այն համագործակցությունը, որը առկա է մեր երկրների միջեւ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ այս հարցը ես քննարկել եմ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ նրա` վերջերս Ռուսաստան կատարած այցի ժամանակ: Բանակցությունները, իհարկե, բարդ էին, բայց մեզ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ մենք համոզել ենք Հեյդար Ալիեւին ավելի ճկուն մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտության մեջ: Ես հանձնարարել եմ արտգործնախարարությանը` ակտիվացնել աշխատանքները հակամարտող կողմերի հետ, սակայն չեմ ուզում, որ Ձեզ մոտ տպավորություն ստեղծվի, թե մենք ինքնուրույն քաղաքականություն ենք վարում Ղարաբաղի հարցում: Մենք, ինչպես եւ պայմանավորվել ենք, այսուհետ նույնպես գործելու ենք Մինսկի խմբի ձեւաչափով»:

«Անհրաժեշտ է ավելացնել քաղաքական պրեսինգը կողմերի վրա: Կարեւոր է, որ հակամարտող կողմերը զգան երեք մեծ պետությունների շունչը, հասկանան, որ այլ ճանապարհ, քան այն ճանապարհը, որ առաջարկում են համանախագահները, պարզապես չկա», - 1997 թվականին Քլինթոնին գրել է Ելցինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG