Մատչելիության հղումներ

Նախատեսվում է Իրան - Հայաստան նավթամթերքներ տեղափոխող խողովակաշար կառուցել


Իրանի նավթի նախարար Մասուդ Միր Քազեմիի անցած շաբաթ օրը Թեհրանում Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ հայաստանցի իր պաշտոնակցի հետ համաձայնության են եկել Իրանն ու Հայաստանը կապող` նավթամթերքներ տեղափոխող խողովակաշարի կառուցման հարցում:

Իրանական Press TV կայքի փոխանցմամբ` Իրանի նավթի նախարարը նաեւ հայտնել է, որ նոր խողովակաշարը սկիզբ կառնի հյուսիսարեւմտյան Թավրիզ քաղաքից եւ կհասնի մինչեւ Հայաստանի հետ սահմանը, ինչը Հայաստանին հնարավորություն կտա բավարարել իր նավթային պահանջների մի մասը:

Միր Քազեմին չի հայտնել պայմանավորվածության մանրամասները` նշելով միայն, որ նավթամթերքների արտահանման ծավալներն ու գները կորոշվեն առաջիկայում:

Հայաստանի էներգետիկայի նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ նախարար Արմեն Մովսիսյանի Իրան կատարած այցի մանրամասները կհրապարակվեն հայկական պատվիրակության վերադարձից հետո:

Ավելի վաղ լրագրողների հետ իր հանդիպումներից մեկի ժամանակ հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը Իրանից Հայաստան նավթամթերքներ տեղափոխող խողովակաշարի կառուցման անհրաժեշտությունը հիմնավորել էր Հայաստանը նավթամթերքներով, մասնավորապես` բենզինով ապահովելու գործընթացն ավելի օպերատիվ դարձնելու հրամայականով:

Այդ հարցում դժվարություններ էին առաջացել 2008 թվականի ռուս-վրացական հակամարտության օրերին:

«Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն, Իրանի հարցերով փորձագետ Սեւակ Սարուխանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հստակեցրեց, որ կառուցվելիք խողովակաշարը հենց այս խնդրի լուծման համար է:

«Մենք ունենք ընդամենը 1 աղբյուր վերամշակված նավթամթերքներ ներկրելու համար` Վրաստանն է: Մենք ակնհայտորեն պետք է դիվերսիֆիկացնենք: Ամենահարմար տարբերակը` Իրանի Իսլամական Հանրապետությունն է», - նշեց Սարուխանյանը:

Ավելի վաղ լայնորեն քննարկվում էր Մեղրիում նավթավերամշակման գործարանի կառուցման հնարավորությունը: Այդ մասին, սակայն, այլեւս չեն խոսում:

«Չեն խոսում, որովհետեւ ծրագիրը շատ թանկ է, եւ այդ գաղափարի մասին խոսելուց հետո ոչ Հայաստանը, ոչ Իրանը չկարողացան գտնել համապատասխան ներդրողներ», - կարծիք հայտնեց փորձագետը:

Իրան – Հայաստան նավթամթերքներ տեղափոխող խողովակաշարի արժեքի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա: Ըստ փորձագիտական որոշ գնահատումների, ծրագրի նախնական արժեքը 200-240 մլն դոլար է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG