Մատչելիության հղումներ

Նոր բախումներ Եգիպտոսում


Եգիպտոս - Ցուցարարների եւ ոստիկանության բախումները Սուեզ քաղաքում, 27-ը հունվարի, 2011թ.
Եգիպտոս - Ցուցարարների եւ ոստիկանության բախումները Սուեզ քաղաքում, 27-ը հունվարի, 2011թ.
Ուրբաթօրյա աղոթքից հետո տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել Կահիրեի փողոցներ:

Արբանյակային «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ ոստիկանությունը փորձել է ցրել ցուցարարներին, սակայն հանդիպել է բողոքի ակցիայի մասնակիցների կատաղի դիմադրությանը:

Նույն աղբյուրի տեղեկությամբ` ցուցարարների մեջ են նաեւ քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնք փորձում են բախումներ հրահրել իրավապահների եւ ընդդիմության միջեւ:

Իրավիճակը Հոսնի Մուբարաքի իշխանության համար խիստ մտահոգիչ դարձավ հինգշաբթի ուշ երեկոյան, երբ երկրի ամենաազդեցիկ իսլամիստական շարժման` «Մահմեդական եղբայրության» ղեկավարները հայտարարեցին, որ միանում են արեւմտամետ երիտասարդական շարժումների կողմից կազմակերպվող բողոքի ակցիաներին: Սրան ի պատասխան, ըստ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության, իրավապահները խիստ հսկողություն են սահմանել Կահիրեի եւ մի շարք այլ խոշորագույն քաղաքների մզկիթների հարեւանությամբ:

Բացի այդ, Եգիպտոսը հայտնվել է լիակատար տեղեկատվական շրջափակման մեջ, անջատված են ինտերնետն ու բջջային հեռախոսակապը:

Նոր բախումների ֆոնին Եգիպտոսի իշխանությունները միջազգային լուրջ ճնշման են ենթարկվում:

Մի քանի ժամ առաջ շվեյցարական Դավոսում ելույթ ունենալով` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հայտարարել է. - «Տեղեկատվություն ստանալու քաղաքացիների իրավունքի ապահովումը պետք է լինի Եգիպտոսի իշխանությունների պարտավորություններից մեկը»: Բացի այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Եգիպտոսի իշխանություններին կոչ է արել բռնի ուժով չպատասխանել մարդկանց բողոքներին:

Անցած գիշեր Վաշինգտոնից Եգիպտոսի իշխանություններին եւ ժողովրդին կոչով է դիմել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: «Իմ գլխավոր հույսն է, որ բռնությունը Եգիպտոսում առկա խնդիրների լուծման ճանապարհը չէ: Թե' կառավարությունը եւ թե' փողոց դուրս եկած մարդիկ պետք է զգուշավորություն ցուցաբերեն`զերծ մնալով բռնի մեթոդներից: Կարծում եմ, որ շատ կարեւոր է, որպեսզի մարդիկ օրինական մեխանիզմներ ունենան իրենց դժգոհություններն արտահայտելու համար», - նշել է Սպիտակ տան ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG