Մատչելիության հղումներ

Ամբաստանյալը պնդում է, որ ցուցմունք է տվել «դեղերի ազդեցության տակ»


Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հինգշաբթի օրը ավարտվեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ 2009 թվականին մահափորձ կատարելու մեջ մեղադրվող Գագիկ Մաթեւոսյանի հարցաքննությունը:

Ըստ մեղադրական եզրակացության` Երեւանի բնակիչ Գագիկ Մաթեւոսյանը, ով հայտնի է «Մուսկուլ Գագո» մականվամբ, 2006 թվականի կեսերից ձեւավորել է 6 անձանցից կազմված բանդա եւ մշակել պաշտոնատար անձանց սպանելու ծրագրեր:

Մաթեւոսյանից բացի ամբաստանյալի աթոռին են Արայիկ Ոսկանյանը, Գրիգոր Գրիգորյանը, Վազգեն Կարապետյանը, Արտակ Ղուկասյանը եւ «Աֆոն» մականունով հայտնի, երգիչ Ռաֆայել Մասումյանը, ովքեր, ըստ իրավապահ մարմինների, բանդայի մյուս անդամներն են եղել:

Գագիկ Մաթեւոսյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում: Նա պատասխանեց մեղադրող Հովսեփ Սարգսյանի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված իրեն մեղսագրվող արարքը դատարանում չընդունելու, եւ նախաքննության ժամանակ իր կողմից տրված եւ մեղադրանքը չհերքող ցուցմունքների հակասությունը:

«Ես ունեցել եմ գլխացավեր, ինձ եկել, սրսկել են, դրանից մեկ-երկու ժամ հետո քննություն է սկսվել: Այդ ամեն ինչը ես արել եմ անգիտակից: Այն, ինչ որ կատարվել է այդ ամիսներին, եղել է թելադրանքով ու գլխացավերի մեջ», - ի պատասխան` հայտարարեց Գագիկ Մաթեւոսյանը:

Մեղադրողը նաեւ հարցրեց, թե ի՞նչ դրդապատճառ կարող էին քննչական մարմինները ունենալ` Մաթեւոսյանի դեմ, իր պնդմամբ, կեղծ ապացույցներ հավաքելու համար:

«Դուք ունե՞ք թշնամիներ, խոսքը վերաբերում է քննիչների մասով, դատախազների մասով, որոնք ցանկություն ունեն, կամ, օգտվելով պաշտոնական դիրքից, այդպիսի իրավիճակ են ստեղծել, որ կեղծ ապացույցներ հավաքեն ձեր նկատմամբ», - հարցրեց մեղադրող Հովսեփ Սարգսյանը:

«Այդտեղ թշնամիներ չունեմ, բայց դրսում թշնամիներ կան, որոնց հետ կապ ունեն», - հայտարարեց ամբաստանյալը` հավելելով. - «Հիմա եթե ես սկսեմ ձեզ մատնանշել, ուրեմն պիտի այստեղից գնամ` իմ ընտանիքը պահեմ: Ես ոչ մեկի անունը չեմ տալիս, ուղղակի կան թշնամիներ, որոնք այս ամեն ինչը սարքեցին, ու, կոպիտ ասած, տղավարի խոսելու փոխարեն` բռնել տվին չարած բանի համար»:

Մեղադրողը փորձեց հասկանալ, թե ում հետ են համագործակցել Գագիկ Մաթեւոսյանի ենթադրյալ թշնամիները, եւ մասնավորապես, հարցրեց, թե արդյո՞ք նրանք համագործակցել են բանդայի անդամների հետ` իր դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով: Մաթեւոսյանն ասաց, թե չգիտի:

Դատական այսօրվա նիստի ժամանակ կողմերը քննարկեցին նաեւ քրեական գործում առկա մի բացատրագիր, որում Մաթեւոսյանը պատմում է, թե ինքը, 2008 թվականին հանդիպելով ոմն «Աֆոնին», նրանից տեղեկացել է, որ մեկը, որի անունը «Աֆոնը» չի ասել, ցանկանում է վրեժխնդիր լինել Գագիկ Խաչատրյանից: Ըստ այդ բացատրագրի` «Աֆոնը» հարցրել է, թե Մաթեւոսյանը նման գործունեության համար ծանոթ մարդ ո՞ւնի, եւ քանի որ «Վազգեն Կարապետյանը եւ Արտակ Ղուկասյանը 2-3 տարի զզվեցրել էին նման խոսակցություններով, ասել է, թե կան մարդիկ եւ համաձայն են»:

Մաթեւոսյանն ասաց, որ այս բացատրագիրը գրելիս «երեւի գիտակցությունը տեղը չի եղել, թելադրանք է»: Նա խոսքով` ձեռագիրը նման է, իսկ ստորագրությունն իրենը չէ:

Մաթեւոսյանի եւ Ռաֆայել Մասումյանի` «Աֆոնի» պաշտպանները միջնորդեցին ոչ թույլատրելի ապացույց համարել այս բացատրագիրը, քանի որ այն նախաքննության ժամանակ ձեռք է բերվել օրենքի խախտումներով: Դատավորը հետաձգեց միջնորդության վերաբերյալ որոշումը:

Դատարանն այսօր փորձեց հարցաքննել նաեւ երկրորդ ամբաստանյալին` Արտակ Ղուկասյանին, որը հրաժարվեց ցուցմունքներ տալուց: Դատարանը սկսեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները, որոնք դրվել են այս գործով մեղադրական եզրակացության հիմքում: Ղուկասյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է: Ըստ մեղադրականի` բանդայի ներսում նրա դերակատարությունը եղել է սպանությունների համար անհրաժեշտ արգելված պայթուցիկները, թունավոր նյութերը պատրաստելը, նաեւ հանցագործությունների պիտանի հետքերը վերացնելը: Նա մեղադրվում է Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձին մասնակցություն ունենալու մեջ:

Դատական հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 9-ին:
please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG