Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի օդանավակայանը առաջին ինքնաթիռը կընդունի գալիք մայիսին


Ստեփանակերտի օդանավակայանի նորակառույց շենքը:
Ստեփանակերտի օդանավակայանի նորակառույց շենքը:

Մոտ 20 տարվա դադարից հետո առաջին ինքնաթիռը Լեռնային Ղարաբաղում վայրէջք կկատարի գալիք մայիսին:

Ստեփանակերտի նորակառույց օդանավականի շինարարության աշխատանքները մոտենում են ավարտին: Ընթացքի մեջ են սարքավորումների տեղադրման աշխատանքները: Կահավարումը կիրականացվի ապրիլին:

Լեռնային Ղարաբաղի կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հավաստիացրեց, թե «հարյուր տոկոսով լուծված է» թռիչքների անվտանգության խնդիրը:

«Բայց պրոբլեմներ կան, ասենք, ոնց որ պատահեց Դոմոդեդովոյում` տեռորիստական ակտեր կարող են լինել եւ այլն, եւ այլն: Այդ ուղղությունը մեր հսկողության տակ է, հատուկ ծառայությունները աշխատում են: Մենք, իհարկե, աշխատում ենք ունենալ ժամանակակից սարքեր, որ անվտանգությունը ապահովեն, մյուս կողմից` այդ ծառայության համար պատրաստում ենք մասնագետներ: Հուսով ենք, որ նորմալ կաշխատենք», - ասաց նա` հավելելով. - «Եթե, ասենք, «Զվարթնոց» օդանավակայանում պետք է լինի անվտանգություն, մեզ մոտ կրկնապատիկ անվտանգություն պիտի ապահովենք, որովհետեւ գտնվում ենք վտանգավոր գոտում»:

Դիտարկմանը, որ Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման աշխատանքները սկսելուն պես ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին սպառնալիքներ տարածել այս ուղղությամբ, եւ հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ այդ սպառնալիքներն ընդամենը «օդային խոսակցություններ են», Ադբաշյանը արձագանքեց. - «Ես հուսով եմ, որ Ադրբեջանը, լինելով ԻԿԱՕ-ի անդամ, եւ ստորագրելով որոշ միջազգային կոնվենցիաներ, կմնա իր խոսքի տերը եւ մեզ չի խոչընդոտի թռիչքների անվտանգության առումով»:

Ադբաշյանի խոսքով, չվերթները սպասարկելու են CRJ-200 մակնիշի 50 տեղանոց երեք օդանավեր, որոնցից ամեն մեկն արժե 15-16 միլիոն ամերիկյան դոլար:

«Շատ լավ տեխնիկական տվյալներ ունեն [այդ օդանավերը]: Մենք արդեն փորձ ունենք, Հայաստանում այդ ինքնաթիռները շահագործվում են եւ շատ լավ իրենց դրսեւորեցին», - հավելեց Ադբաշյանը:

Ընկերությունը, հիշեցնենք, կոչվելու է «Էյր Արցախ», իսկ օդանավակայանը` «Ստեփանակերտի օդանավակայան»:

Ստեփանակերտ - Երեւան - Ստեփանակերտ թռիչքը, Ադբաշյանի խոսքով, կարժենա մոտավորապես 50-60 ԱՄՆ դոլար:

please wait

No media source currently available

0:00 0:02:39 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG