Մատչելիության հղումներ

Փաշինյանի վերաքննիչ բողոքը կքննվի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում


«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյան
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյան
Վերաքննիչ քրեական դատարանը ուրբաթ օրը որոշեց անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը քննել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում, որպեսզի Փաշինյանը հնարավորություն ունենա մասնակցել նիստին:

Դատական նիստը տեղի կունենա փետրվարի 1-ին:

Ուրբաթ օրը` հունվարի 21-ին Երեւանում Վերաքննիչ դատարանում մեկնարկած նիստին 2008-ի հետընտրական իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ գտնվող Փաշինյանը ներկա չէր: Նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտարարեց, որ Փաշինյանն այս նիստի մասին ծանուցագիր երեկվա դրությամբ ստացած չի եղել: Դատավոր Եվա Դարբինյանն էլ հայտարարեց, որ իրենք ծանուցագիր փոստով մեկ շաբաթ առաջ ուղարկել են: Թե ինչու ծանուցագիրը ժամանակին չի հասել Փաշինյանին, թե դատավորի, թե պաշտպանական կողմի համար անհասկանալի էր: Ուստի Երվանդ Վարոսյանը միջնորդեց հետաձգել նիստը` դատաքննության ընթացքում Նիկոլ Փաշինյանի ներկայությունն ապահովելու համար, քանի որ նախ, ըստ պաշտպանի, Փաշինյանը հիմնավորումներ ունի դատարանին ներկայացնելու:

«Եվ երկրորդ`«Արթիկ» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո մենք` նրա պաշտպաններս զրկված ենք անգամ գրագրություն անելու հնարավորությունից նրա հետ հանդիպման ժամանակ, կամ նրա կողմից ինչ-որ գրառումներ վերցնելու, իր տեսակետը թեկուզ եւ միջնորդավորված ձեզ ներկայացնելու համար», - ասաց Վարոսյանը:

Դատարանը բավարարեց Երվանդ Վարոսյանի միջնորդությունը:

Նիկոլ Փաշինյանի պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանից պահանջում է բեկանել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ անցած տարվա նոյեմբերի 19-ի վճիռը, որով դատարանը հրաժարվել էր անվավեր ճանաչել Փաշինյանի պատժաչափը 3 տարի, 10 ամիս, 29 օր սահմանելու մասին որոշումը: Փաշինյանը եւ նրա փաստաբանները համոզված են, որ պատժաչափը սխալ է հաշվարկված, եւ այդ սխալ հաշվարկի հետեւանքով Նիկոլ Փաշինյանը շուրջ 5 ամիս ավելի է մնալու բանտում:

2010-ի հունվարին 7 տարվա ազատազրկման դատարարտված Փաշինյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի որոշմամբ համաներում կիրառվեց, եւ նրա պատժաչափի չկրած մասը կիսով չափ կրճատվեց: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը մայիսի 25-ին Փաշինյանի պատժաչափը սահմանեց 3 տարի 10 ամիս 29 օր` նախնական կալանքի տակ գտնվելու 10 ամիսները եւս համարելով պատժի կրում: Ըստ այդ հաշվարկի` Փաշինյանը պետք է ազատ արձակվի 2013 թվականի գարնան վերջին: Մինչդեռ, նրա պաշտպանական կողմը համոզված է, որ Նավասարդյանը պետք է կիսեր 7 տարվա ազատազրկման ժամկետը, վերջնաժամկետ համարեր 3.5 տարին, եւ Փաշինյանը 2013-ի հունվարին դուրս կգար բանտից:

Հայաստանի գլխավոր դատախազությունը եւս չհիմնավորված էր համարել Տիգրան Նավասարդյանի որոշումը: Չնայած դրան, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը չպարտավորեցրեց Նավասարդյանին վերանայել իր որոշումը, եւ Փաշինյանի փաստաբանների բողոքը այժմ Վերաքննիչ դատարանն է քննում:

«Եթե Վերաքննիչ դատարանը մեր բողոքը չհարգի, ներպետական ատյանները սպառելուց հետո մենք այս հարցը միանշանակ առանձին գանգատով կնեկայացնենք Եվրոպական դատարան եւ առավել քան համոզված եմ, որ խախտումը կճանաչվի», - ասաց Վարոսյանը:

Փաստաբանը շարունակում է պնդել, որ Փաշինյանին բանտում երկար պահելու որոշումը կայացվել է քաղաքական դրդապատճառներով:

«Ճիշտ հաշվարկի պարագայում նա պետք է ազատ արձակվի 2013 թվականին` նախագահական ընտրությունների հենց ընտրարշավի կիզակետի պահին: Իսկ այս պարագայում, երբ 5 ամիս ավելի պետք է անազատության մեջ գտնվի, ստացվում է այնպես, որ նախագահական ընտրությունների ավարտից, երդման արարողությունից հետո նոր միայն Նիկոլ Փաշինյանը պետք է ազատվի», - ասաց փաստաբանը:

Վարչական դատարանում դատական նիստին զուգահեռ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները իրենց արդեն 137-րդ բողոքի ակցիան էին անցկացնում Գլխավոր Դատախազության շենքի մոտ: «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենց գերխնդիրը հետընտրական իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ գտնվող ընդդիմադիրներին օր առաջ ազատ արձակելն է:

«Մենք պայքարում ենք քաղբանտարկյալ չլինելու երեւույթի դեմ, մենք խայտառակություն ենք համարում, որ Հայաստանը ընդհանրապես քաղբանտարկյալ ունի, որ դա եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին նահանջ է, ոչ թե` առաջընթաց», - ասաց Մանուկյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:05 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG