Մատչելիության հղումներ

Շփման գծում հայ զինծառայող է զոհվել. Ղարաբաղից հաղորդում են ադրբեջանցիների «անհամեմատ մեծ» կորուստների մասին


Հինգշաբթի երեկոյան Հորադիզի մերձակայքում տեղակայված հենակետերից ադրբեջանական զինուժը սանձազերծել է ինտենսիվ հրաձգություն, որի արդյունքում զոհվել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայող Հովիկ Սուքիասյանը, տեղեկացնում են Ղարաբաղի ՊԲ-ից:

«Ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Ըստ նախնական տվյալների, փոխհրաձգության ընթացքում ադրբեջանական զինուժի կրած կորուստն անհամեմատ մեծ է: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են», - ասված է հաղորդագրությունում:

Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը տեղի ունեցածը որակում է «ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հերթական սադրիչ քայլը»:

«Շփման գծում իրադրությունը շարունակում է մնալ անհանգիստ: Ինչպես նախորդ տարվա ողջ ընթացքում, այնպես էլ 2011 թվականի մեկնարկային ամսում այն հիմնականում արտահայտվում է հակառակորդի կողմից իրականացվող նախահարձակ գործողություններով, որոնց ընթացքում ոչ միայն արձանագրվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր, այլեւ դիվերսիոն գործողությունների փորձեր», - ասված է հաղորդագրությունում:

Տեղի ունեցածի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:

«Այս միջադեպը եւս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունները կամ չեն վերահսկում սեփական զինված ուժերի վարքագիծը առաջնային գծում, կամ իրենք են կազմակերպում նման սադրանքները: Երկու դեպքում էլ պատասխանատվությունը Ադրբեջանի ղեկավարության վրա է», - հայտարարել է Կարապետյանը եւ նախարարության անունից խորապես ցավակցել միջադեպի հետեւանքով զոհված զինծառայողի հարազատներին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, ուրբաթ առավոտյան հաղորդել է շփման գծի ոչ թե հարավային, այլ հյուսիսարեւելյան հատվածում` Ադրբեջանի Թերթերի շրջանի Չիլյաբյուրտ գյուղի մոտ ադրբեջանցի սպա Շամիլ Սադիղովի վիրավորվելու մասին: Ադրբեջանական կողմի պնդմամբ` 35-ամյա սպան ոտքերից վիրավորվել է հայկական կողմից հրադադարի խախտման հետեւանքով:

Նույն օրը ավելի ուշ, «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը հերքել է ադրբեջանական կողմի կրած մեծ կորուստների մասին Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդագրությունը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը տեղեկացրեց, որ Հորադիզի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում հայկական կողմից չկան վիրավորներ, իսկ ադրբեջանական կողմի կորուստների թվի մասին, առայժմ տեղեկություններ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG