Մատչելիության հղումներ

Կադրային փոխոփոխություններ Արդարադատության նախարարությունում


Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը

Արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը կադրային փոփոխություններ է սկսել նախարարության կազմում:

Այս պահի դրությամբ աշխատանքից ազատվել է փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը, իսկ առաջիկայում կորոշվի նաեւ մյուս փոխնախարարի` Գեւորգ Մալխասյանի ազատման հարցը:

Ինչպես տեղեկացնում են Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Նիկոլայ Առուստամյանը ազատվել է նախարարի տեղակալի պաշտոնից` սեփական դիմումի համաձայն: Վարչապետի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է Արամ Օրբելյանը:

Իսկ նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մալխասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հեռանում է այդ պաշտոնից, քանի որ նորանշանակ նախարարը ցանկանում է իր թիմով աշխատել: Մալխասյանը, ով 12 տարի աշխատել է փոխնախարարի պաշտոնում եւ 25 տարի Արդարադատության նախարարությունում, պատճառաբանեց, որ նորանշանակ նախարարը ցանկանում է աշխատել երիտասարդների հետ:

«Ես հայեցողական պաշտոն զբաղեցնող անձ եմ: Դա նշանակում է, որ քաղաքական թիմի ղեկավարը ինքն է որոշում` ում հետ աշխատի: Այս պահին նախարարը որոշել է իր քաղաքական թիմն ունենալ: Ես կարծում եմ` դա նորմալ երեւույթ է, եւ որեւէ խնդիր չեմ տեսնում դրանում»:

Հարցին, թե իրեն այլ աշխատանք առաջարկել են, Մալխասյանը պատասխանեց. - «Նախարարը առաջարկեց այլ աշխատանք նախարարության համակարգում, ես, իհարկե, այդ նոր աշխատանքը չընդունեցի, որովհետեւ իմ գիտելիքները այլ մակարդակի են եւ այլ բնույթ ունեն, ես այլ խնդիրներով եմ զբաղվում»:

Մալխասյանի խոսքով` ինքը սպասում է վարչապետի որոշմանը այն մասին, թե որտեղ կշարունակի աշխատել:

«Կառավարությունը որտեղ գտնի, որ ես պետք կլինեմ պետությանը կամ կառավարությանը, այնտեղ էլ կուղարկի: Մոտ ժամանակներս կլինի վարչապետի որոշումը, սպասում եմ այդ որոշմանը», - ասաց նա:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Գեւորգ Մալխասյանին աշխատանքից ազատելու որոշում դեռ չի կայացրել, սակայն Մալխասյանը ասաց, որ այսօրվանից դե ֆակտո փոխնախարար չէ:

«Ես այսօրվանից չեմ աշխատում, ես ինձ զգում եմ ազատ, հանգիստ մարդ»:

Արդարադատության նախարարությունը առայժմ որեւէ կերպ չի մեկնաբանել կադրային այս փոփոխությունները:

please wait

No media source currently available

0:00 0:02:41 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG