Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովը ժամանել է Ստամբուլ


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով
Հարավային Կովկաս, Իրանի միջուկային ծրագիր, էներգետիկ երկկողմ համագործակցություն` սրանք միայն մի քանիսն են այն թեմաներից, որ հինգշաբթի օրը կքննարկեն թուրք - ռուսական Ռազմավարական պլանավորման խորհրդի նիստի մասնակիցները:

2010 թվականի մայիսին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա ստեղծված այս կառույցի առաջին նիստին մասնակցելու նպատակով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ստամբուլ է ժամանել չորեքշաբթի երեկոյան:

Ռուսական դիվանագիտական աղբյուրները ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը որոշ մանրամասներ են փոխանցել քննարկման օրակարգի մասին:

«Կողմերը քննարկելու են ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հարցը: Բացի այդ, կքննարկվի եվրոպական անվտանգության նոր համակարգի ձեւավորումը` Սեւ ծովի ավազանում գործակցության զարգացման ռուսական առաջարկների լույսի ներքո», - նշել է ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետներից մեկը:

Ռուսական աղբյուրները, սակայն, նշում են, որ ռուս - թուրքական բանակցությունների առանցքային թեման լինելու է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված փակուղային իրավիճակը: Ուրբաթ օրը արդեն երկարատեւ դադարից հետո Ստամբուլում կմեկնարկեն խնդրին նվիրված բազմակողմ խորհրդակցությունները, որոնց մասնակցելու նպատակով Թուրքիա կժամանեն Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սաեդ Ջալիլին եւ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Հունվարի 20-ի բանակցություններում Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կքննարկեն նաեւ երկու երկրների միջեւ ազատ վիզային ռեժիմի սահմանման հարցը: Թե' Մոսկվայում եւ թե' Անկարայում հույս ունեն այս հարցի վերջնական լուծմանը հասնել առաջիկա ամիսներին` մինչեւ տուրիստական նոր սեզոնի մեկնարկը:

Երկու նախարարները չեն շրջանցի նաեւ երկկողմ տնտեսական գործակցության թեման, այդ թվում` որոշ տարաձայնությունների առիթ դարձած Մերսինի ատոմակայանի շինարարության խնդիրը:

Թուրքական առաջին ատոմակայանի` մոտ 20 միլիարդ դոլար արժողությամբ շինարարությանը մասնակցելու ցանկություն է հայտնել ռուսաստանյան «ԱտոմՍտրոյԷքսպորտ» ընկերությունը: 2009 թվականի գարնանը Թուրքիայի վարչապետն իր ռուսաստանցի գործընկերոջը խոստացել էր, որ հենց ռուսաստանյան ընկերությունն է կառուցելու Մերսինի ատոմակայանը: Էրդողանի այդ հայտարարությունից մի քանի ամիս անց, սակայն, ատոմակայանի շինարարության մրցույթը հերթական անգամ չեղյալ հայտարարվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG