Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը չլսեց թուրքամետ լոբբիի գանգատը Մասաչուսեթսի գործով


Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը երեկ հրաժարվել է լսել Մասաչուսեթսի վերաքննիչ դատարանի վճռի դեմ գանգատը` դրանով իսկ, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ձեւակերպմամբ, «սպանելով» տվյալ նահանգի դպրոցական ծրագրերում Հայոց ցեղասպանությունը ժխտող նյութերի ընդգրկում պահանջող թուրքամետ լոբբիի երկարատեւ իրավական արշավը:

«Մենք ողջունում ենք Գերագույն դատարանի որոշումը` հրաժարվել լսել այս խորապես արատավոր եւ վտանգավոր գործն ու այդպիսով ուժի մեջ թողնել վերաքննիչ դատարանի` ցեղասպանության ուրացողների ջանքերը մերժող վճիռը», - հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` հաղթանակ որակելով տեղի ունեցածը:

Անցած տարվա օգոստոսին ԱՄՆ-ի վերաքննիչ դատարանը հաստատել էր առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունիսի վճիռը, որով մերժվել էր դպրոցական ծրագրերում Հայոց ցեղասպանությունը ժխտող գրականություն ընդգրկելու պահանջով հայցը:

Առաջին ատյանի դատարան հայցը ներկայացվել էր 2005 թվականին` Ամերիկայի թուրքական միությունների համագումարի եւ Թուրք-ամերիկյան իրավական պաշտպանության հիմնադրամի կողմից համատեղ: Հայցվորի պնդմամբ` Հայոց ցեղասպանությունը ժխտող գրականությունը ծրագրերից դուրս թողնելը խոսքի ազատության իրավունքի խախտում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG