Մատչելիության հղումներ

Միջպետական ավիացիոն կոմիտե. «Սմոլենսկի օդանավակայանի դիսպետչերների վրա ճնշում չի գործադրվել»


Սմոլենսկի օդանավակայանի ավիադիսպետչերների բանակցությունների ողջ սղագրությունը` առանց որեւէ խմբագրման, Միջպետական ավիացիոն կոմիտեն հրապարակեց կեսգիշերին:

Նման շտապողականության պատճառը Լեհաստանի ներքին գործերի նախարար Եժի Միլերի` երեքշաբթի երեկոյան Վարշավայում հնչեցրած հայտարարություններն էին, որոնց համաձայն` ռուսաստանցի դիսպետչերները 2010 թվականի ապրիլի 10-ին մի շարք կոպիտ սխալներ են թույլ տվել:

Նախ, ըստ լեհ նախարարի, դիսպետչերները Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու օդանավի անձնակազմին չեն զգուշացրել Սմոլենսկում հաստատված եղանակային անբարենպաստ պայմանների մասին, չեն փորձել արգելել վայրէջքը եւ ընդհանրապես գտնվել են ուժեղ ճնշման ներքո:

Լեհական կողմը պնդում է, որ դիսպետչերները մի պահ անգամ դադարել են օդաչուներին օգնություն ցուցաբերել: Որպես ասվածի ապացույց` լեհական կողմը մեջբերում է դիսպետչերներից մեկի` վթարից 7 րոպե առաջ հնչած հետեւյալ խոսքերը. - «Եթե օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել, թող ինքնուրույն էլ լուծումներ գտնի»:

Լեհական կողմի հետեւությունը միանշանակ էր` եղանակային վատ պայմաններին գումարվել էին դիսպետչերների ոչ ադեկվատ գործողությունները, ինչ էլ դարձել է նախագահական օդանավի վթարի պատճառը:

Լեհական կողմից հնչած բացահայտումներից մի քանի ժամ անց Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարեց, որ Միջպետական ավիացիոն կոմիտեն որոշել է աննախադեպ քայլի դիմել` հրապարակելով դիսպետչերների բոլոր խոսակցությունների սղագրությունը:

Կոմիտեի ներկայացուցիչ Ալեքսեյ Մորոզովն էլ հերքեց լեհական կողմի պնդումներից հիմնականը` նշելով, թե դիսպետչերները վայրէջքի թույլտվություն լեհական օդանավին չէին տվել:

Ռուսական կողմի հրապարակած սղագրությունից պարզ է դառնում, որ դիսպետչերները իրոք զգուշացրել են լեհական կողմին Սմոլենսկում հաստատված մառախլապատ եղանակի մասին: Լեհական կողմի որոշումը` ամեն գնով վայրէջք կատարել Սմոլենսկում, ռուս դիսպետչերներից մեկը, սղագրության համաձայն, այսպես է մեկնաբանել. - «Նրանց փոխարեն ես այդքան չէի համառի»:

Այդուհանդերձ, լեհական կողմից հնչող պնդումներից մեկը շարունակում է անպատասխան մնալ: Վարշավայում լույս տեսնող մի շարք պարբերականներ գրել են, որ ավիավթարից երեք օր առաջ, երբ նույն օդանավակայանում վայրէջք էին կատարել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի օդանավերը, Սմոլենսկում հավելյալ սարքավորումներ էին տեղադրվել, որոնք ապահովում էին թռիչքների անվտանգությունը: «Ապրիլի 10-ին, երբ Սմոլենսկ էր թռչում Լեխ Կաչինսկին, այդ սարքավորումներն արդեն ապամոնտաժվել էին», - պնդում է լեհական մամուլը:

2010 թվականի ապրիլի 10-ի ավիաաղետի հետեւանքով զոհվեց 96 մարդ, այդ թվում` Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին եւ նրա կինը։

Լեհաստանի նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնում էր Կատին` հարգանքի տուրք մատուցելու ստալինյան ժամանակաշրջանում խորհրդային զորքերի կողմից գնդակահարված հազարավոր լեհ ռազմագերիների հիշատակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG